Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Գործադիր խորհրդի ժամանակ քննարկվել է մեկ հարց: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են նախագահի հաղորդումը, գնահատականները, եւ բոլորը համակարծիք էին այդ գնահատականների հետ»,- ասաց նա, ավելացնելով, որ մի քանի րոպե հետո քննարկումը կշարունակվի կուսակցության խորհրդի նիստում: «Կքննարկենք մեկ հարց. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի եւ ՀՀԿ-ի գործադիր մարմնի գնահատականները ընթացիկ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այնուհետեւ խորհուրդը կքննարկի այդ հարցը, կլինեն ելույթներ»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանով նշեց, որ կուսակցության նախագահը խորհրդի նիստին հանդես է գալու ծրագրային ելույթով՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Խոսքը չի վերաբերում Սահմանադրական բարեփոխումներին, ավելի լայն քննարկում է լինելու ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, այն մասին, որ Հայաստանում պետք է ձեւավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները »,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ