Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Փետրվար 12,2015 20:11

Փետրվարի 12-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին:

Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ:

1

Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` ուրախություն հայտնելով, որ արդեն վեց տարի է, ինչ ճեմարանի և Պետական համալսարանի համատեղ ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոգեկոչվում է Ավարայրի նահատակների հիշատակը: «Պատահական չէ, որ հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ընտրվել իբրև միջոցառման վայր. այն ինքնին մի ներքին կապ է ստեղծում Ավարայրի խորհրդի և հայ ժողովրդի տեսլականի միջև: Մայր Աթոռն է այն արժեքների պահապանն ու սնուցողը, հանուն որոնց Վարդանանք հանձն առան իմացյալ մահը»,- իր խոսքում նշեց տեսուչ Սրբազանը:

Ներկաներին այս առիթով ողջունեց նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: «Հիրավի, այս տոնը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է. կա՞ արդյոք ավելի վեհ զգացում, քան ապագա հոգևորականին ու գիտնականին տեսնել կողք կողքի, կա՞ արդյոք ավելի հոգեպարար զգացում, քան այն, որ երիտասարդ սերունդն անթաքույց ակնածանքով է հիշում քաջ նախնյաց սրբազնագույն առաքելությունը», – նշեց նա իր խոսքում:

Վարդանանց սխրանքի պատմական նշանակության և հետագա դարերում նրա ունեցած ազդեցության մասին բանախոսություն ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պատմական գիտությունների դոկտոր Արտակ Գնունին:

Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհուրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Այնուհետև իր պատգամն ու օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Վարդանանց 1036 վկաների հիշատակի տոնախմբությունը սոսկ հայ ժողովրդի պատմության մի իրադարձության` 451 թ. հերոսական ճակատամարտի մեծարումը չէ, այլ նպատակ է հետապնդում ոգեշնչելու և ուսուցանելու` ապրել Վարդանանց ոգով և առաջնորդվել նրանց հռչակած գաղափարներով: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Ավարայրի դաշտում ցուցադրված  հայրենասիրության ու քրիստոսասիրության այդ ոգով դաստիարակվել են սերունդներ, կերտվել  է Վարդանանց քաջ զավակները լինելու գիտակցությունը: «Այսօր նորովի է մեզ ներկայանում Վարդանանց խորհուրդը, երբ մենք ապրում ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության մեջ: Մեր սահմանների վրա մարտնչում են մեր զավակները` պաշտպանելու համար հայրենին` մեր սուրբ և աստվածակոխ երկիրը, ուր  Աստվածորդին` Քրիստոս է իջել, և որտեղից  մշտահունչ, անդադրում կերպով աղոթք է բարձրացել առ Աստված: Այդ աղոթքով թրծվել է մեր ժողովրդի կյանքը, անպարտելի ու հաղթական դարձրել նրան բոլոր տեսակի փորձությունների, վտանգների ու արհավիրքների դիմաց: Այսօր  մենք նաև խաղաղության մեջ ենք ապրում: Եվ եթե պատերազմի մեջ մեզ պիտի առաջնորդի Վարդանանց` «Մահ իմացյալ անմահություն է» գաղափարականը, ապա խաղաղ պայմաններում` «Կյանք իմացյալ անմահություն է» կարգախոսը: Պետք է մեր կյանքն ապրենք բարոյականի վրա խարսխված այնպիսի արժեքներով, որպեսզի այդ կյանքն ապահովի մեր անմահությունը` յուրաքանչյուրինս առանձնաբար և ազգինը` ամբողջապես», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորեց, որ դեռևս տարիներ առաջ բարի գործի և ազգային տուրքի օր հռչակված Ս. Վարդանանց տոնին յուրաքանչյուր հայորդի Հայրենիքի համար իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում բարի գործ կատարի: «Վարդանանց ոգով մենք ի զորու ենք հրաշքներ գործել: Վարդանանց ոգու փայլատակումով այդպիսի հրաշք արձանագրվեց և՛ Սարդարապատում, և՛ Արցախում: Այդ ոգին կարող է մեզ առաջնորդել հրաշագործության և ներկայիս մեր կյանքում: Եթե մենք այսօր մեր անձերի մեջ Վարդանանց ոգու կրողը լինենք, չենք ապրի հուսահատություն, հանձնառությամբ և արիությամբ կառչած կմնանք մեր հայրենի սուրբ հողին, կհաղթահարենք մեր կյանքի բոլոր դժվարությունները ու կկերտենք մեր ժողովրդի լուսավոր, բարօր ապագան այն հավատքով, նվիրումով ու սիրով, որ ունեին Վարդանանք», – հավելեց Վեհափառ Հայրապետը:

Խոսքի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր շնորհավորանքները փոխանցեց Վարդանանց հերոսների անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Ս. Վարդանանց բարեխոսությամբ ապրեն երջանկության ու խաղաղության մեջ և Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի նրանց վրա:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին    Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728