Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ ընտանիքները» տրանսպորտ են ուզում

Փետրվար 12,2015 19:18

Երիտասարդ ընտանիքների համար շահագործման հանձնված Ծարավ Աղբյուր 55/11, 55/8, 55/5 հասցեներում կառուցված շենքերի բնակիչներն իրենց նոր բնակարաններ տեղափոխվելուց հետո, պարբերաբար, դժգոհում են իրենց թաղամասը սպասարկող հասարակական տրանսպորտի աշխատանքից: Բնակիչներին սպասարկող թիվ  34 եւ 38 միկրոավտոբուսները, բնակիչների խոսքերով, նույնիսկ, աշխատանքային օրերին լավ չեն սպասարկում, երեկոյան ժամը 18-ից հետո գծում մնում են հատուկենտ մեքենաներ, իսկ շաբաթ-կիրակի օրերին շարժակազմը զգալի պակասում է, երեկոյան ժամերին էլ հատկապես` 38 համարի տրանսպորտը գրեթե չի սպասարկում:

Բնակիչների ներկայացմամբ, թիվ 38 միկրոավտոբուսը, որը երթեւեկում Զեյթուն, Մոնումենտ թաղամասով, կենտրոնին կապող միակ տրանսպորտն է: 34 համարի երթուղին Կոմիտասով գնում է «Բանգլադեշի» ուղղությամբ:

Ըստ բնակիչների, եթե փորձեն օգտվել Ավանի մայրուղով երթեւեկող տրանսպորտից, ապա առնվազն երեք կանգառ պետք է քայլեն, իսկ, եթե Քանաքեռի տրանսպորտից օգտվեն, մեկ կիլոմետր էլ այդ հատվածով պետք է գնան, որպեսզի կարողանան մոտակա կանգառից տրանսպորտ նստել: Տուն գալիս էլ, ստիպված են լինում մի քանի տրանսպորտ փոխել:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ երիտասարդ ընտանիքները փոքրիկ երեխաներ շատ ունեն եւ, քանի որ տարածքում էլ դեռեւս դպրոց, մանկապարտեզ չկա ստիպված են երեխաներին հետները տանել-բերել, ինչը խնդիրների առաջ է կանգնեցնում ծնողներին.«Մի քանի հոգով տաքսի ենք վարձում, որ երեխաների հարցը լուծենք, ժամերով չկանգնենք ու միկրոավտոբուս սպասենք: Կամ հարեւան ծանոթներին, որոնք մեքենա ունեն, խնդրում ենք, որ քաղաք իջնելիս մեզ էլ տանեն: Հասկանում ենք նորակառույց թաղամաս է, բայց դե ծնողների համար էլ հեշտ չէ»:

Հիշեցնենք, որ շենքերը շահագործման հանձնելու ժամանակ, թե’ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թե’ քաղաքապետարանի այլ պատասխանատուներ հայտնել էին, որ նոր թաղամաս լինելով պայմանավորված, այդ ուղղությամբ նոր երթուղիներ են բացելու:

Aravot.am-ի հարցին, թե նշյալ հասցեներում նախատեսվո՞ւմ է արդյոք նոր երթուղագծեր: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ Երեւանի ներքաղաքային որոշ երթուղիներում, ուղեւորահոսքի նվազմամբ պայմանավորված, ներկայումս իրականացվում են առանձին երթուղիների ուղեգծերի վերանայման եւ շտկման աշխատանքներ։

«Այդ գործընթացի շրջանակներում քննարկվում է նաեւ հնարավոր տարբերակներ՝ գործող երթուղիներից մեկը մինչեւ Ծարավ Աղբյուրի 55/11, 55/8, 55/5 հասցեների շենքերը երկարացնելու համար»,-պարզաբանում են քաղաքապետարանից։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728