Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները չեն հասկանում, թե այդ ինչպես երեկ ծնողներ ունեին, իսկ այսօր՝ ոչ». Արա Երնջակյան

Փետրվար 12,2015 18:07

Սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, որը ցույց է տալիս այն որբ մանուկների ապրումները, որոնք, Ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են ամերիկյան ճամբարներից մեկը: Երեխաներից մեկի լացը մի պահ խլացնում է բոլոր ձայները: Տղան լաց է լինում, որովհետև կորցրել է իր մոտ պահվող երկու՝ կրակված փամփուշտները: Փամփուշտներ, որոնցով սպանել են իր հորն ու մորը…

Խոսքը Երևանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմի մասին է, որի պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2013-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը, սակայն, մինչ օրս հանրության դատին չի հանձնվել:

Արա Երնջակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այն հեռուստատեսությամբ կցուցադրվի, ամենայն հավանականությամբ, այս տարվա ապրիլին:

«Խավարում» ֆիլմն իրական նախապատմություն չունի. սցենարը հորինված է, և նրանում չկան սարսափելի, արյունոտ տեսարաններ, հղի հայ կանայք և նրանց յաթաղանով մորթող թուրքեր. «Շատերին թվում է, թե Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերում ինչքան շատ դաժան տեսարաններ լինեն, ֆիլմն այնքան ազդեցիկ ու հուզիչ կլինի, սակայն այս ֆիլմում անգամ արյուն չկա, կան միայն որբացած երեխաների աչքեր, որոնք անհամեմատ ավելի հուզիչ են: Ընդհանրապես, ցանկացած դժբախտության դեպքում ամենաշատը երեխաներն են տուժում. նրանք չեն հասկանում, թե այդ ինչպես երեկ ծնողներ ունեին, իսկ այսօր արդեն ոչ»,- ասաց պարոն Երնջակյանը՝ հավելելով, որ ֆիլմում նկարահանված երեխաներին ընտրել են մեկ օրում՝ Աշտարակի դպրոցներից մեկն այցելելով:

Ա. Երնջակյանն ասաց նաև, որ մինչև «Խավարում»-ը լուրջ մտադրություն է ունեցել լիամետրաժ ֆիլմ («Ջրհեղեղ») նկարահանելու, որը նույնպես Հայոց ցեղասպանության թեմայով կլիներ: Սակայն այդ ֆիլմը կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցներ չեն գտնվել: Ահա այդպես որոշել է կարճամետրաժ՝ «Խավարում» ֆիլմը նկարահանել:

Ինչ վերաբերում է «Խավարում»-ի ֆինանսավորմանը, Ա. Երնջակյանն ասաց, որ այդ հարցում օգնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆոնդը՝ տրամադրելով 10 000 դոլար, ինչպես նաև ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները՝ համապատասխանաբար՝ 3-4 մլն և 1 մլն դոլար:

Ռեժիսորը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի մի շարք կինոթատրոններում, ինչպես նաև Փարիզում:

Ի դեպ, ֆիլմը ներկայացված է նաև ՀՀ նախագահի մրցանակին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728