Վաղը` փետրվարի 13-ին, Կապան քաղաքում կավարտվի շնագայլերի որսը: Թե Կապանի քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած թափառող կենդանիներին վնասազերծելու ծառայություն մատուցող կազմակերպությունն այս օրերին քանի՞ շնագայլ է որսացել, դեռ պարզ չէ:
Aravot.am-ի հարցին Կապանի քաղաքապետարանից ասացին, որ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Սակայն քաղաքապետարանի այս նախաձեռնությունը հարուցել է մի շարք կենդանասերների մտահոգությունն ու դժգոհությունը: Նրանք կասկածներ ունեն, որ կենդանիներին վնասազերծող կազմակերպությունը ոչ թե ստերջացնելու եւ կացարանով ապահովելու է այդ կենդանիներին, այլ` գնդակահարելու է, ինչպես որ արվում է շատ դեպքերում:
Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ շնագայլերի վնասազերծման աշխատանքները ոչ թե կազմակերպություն այլ մի` Սամվել Հայրապետյան անունով անհատ է իրականացնում: Նա այս տարի այդ նպատակով բյուջեից 500 հազար դրամ է ստացել: Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գումարը միմիայն շնագայլերին որսալու եւ վնասազերծելու համար է նախատեսված եւ այլ թափառող կենդանիներին չի առնչվում: Ըստ նույն աղբյուրի, շնագայլերը չեն ոչնչացվում, այլ տեղափոխվում են Կապան քաղաքի վարչական սահմաններից դուրս: Բացի այդ, Կապանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով նախատեսված է միմիայն վնասազերծում:
Մեր այն դիտարկմանը, թե բաց թողնելու դեպքում հնարավոր է շնագայլերը նորից վերադառնան եւ այդպես անարդյունավետ լինի ծախսված գումարները, Արմինե Ավագյանն ասաց, որ նրանց շատ հեռու են բաց թողնում` որտեղ շատ մեծ աղբատեղի կա, որտեղ կարող են նրանք կերակրվել եւ այլեւս քաղաք չիջնել. «Երեկոյան ժամերին նրանց ոռնոցը լսվում է: Շնագայլերը իջնում են քաղաք, մտնում բակեր, որպեսզի կերակրվեն աղբամաններից: Մարդիկ կան, որոնք առավոտյան 6-ին են աշխատանքի գնում կամ վերադառնում են ուշ ժամերի: Շնագայլերի առկայությունը վտանգ է ներկայացնում բնակիչների համար, ճիշտ է, բարեբախտաբար, որեւէ դեպք չի արձանագրվել, բայց նրանք համարվում են գիշատիչ կենդանիներ եւ վտանգավոր են»:
Կարդացեք նաև
Նշենք, որ շնագայլերի որսի մասին Կապանի քաղաքապետարանը նախապես տեղեկացրել է բնակիչներին եւ հորդորել ընտանի կենդանիներին գիշերային ժամերին դրսում չթողնել: Տեղեկացանք նաեւ, որ Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության հերթապահ մեքենան, նույնպես, օգնում են շնագայլերի որսին:
Անցյալ տարի շնագայլերին որսալու համար անհատ Սամվել Հայրապետյանը ստացել է 600 հազար դրամ: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, 1 շնագայլին որսալու համար 3 հազար դրամից մի փոքր ավել գումար է ծախսվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ