«Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին:
Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու ենք պահանջով, որ ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին, ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝
-գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,
-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,
-տալ երաշխիքներ, որ մեղավորները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։
Կոչ ենք անում՝
-առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով,
-առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ»,- այսօր այս պահանջով քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել:
«Գոնե այս հարցում լինեն ժողովրդի կողքին, պահանջատեր լինեն` զուտ ազգային արժանապատվության առումով: Քանի որ օտարերկրացին, որը պարտավորված էր միջազգային պայմանագրով պահպանել Հայաստանի սահմանն ու ժողովրդի խաղաղությունը, այդ նույն պահպանողը դուրս է եկել զորամասից, սպանել է մի ամբողջ խաղաղ ընտանիքի»,- ասաց Վաղինակ Շուշանյանը: Նրա խոսքով, վարկածը, թե Պերմյակովը մենակ չի եղել, դեռ չի հերքվել, գործի բացահայտման առումով էլ տեղաշարժ չեն նկատում, իսկ գյումրեցիների պահանջն էլ հայ իրավապահներին հանձնելու մասին դեռ չի իրականացել. «Դրա համար գլխավոր դատախազից պահանջում ենք, որ հրապարակի այն դիմումը , որով դիմել է ռուս գործընկերոջը, որ ժողովուրդը իրազեկ լինի եւ այնպես կատարվի, որ այդ դատաքննությունը, պատիժը հանցագործը կրի Հայաստանում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորական Վալերի Պերմյակովը:
Ակտիվիստներն իրենց գրավոր պահանջը հանձնեցին գլխավոր դատախազին ու հեռացան:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ