«Մենք կողջունենք ՀՀ նախագահի մասնակցությունն այդ կարեւորագույն միջոցառմանը: Եթե դա չապահովվի, Հայաստանի կողմից ԵՄ-ին սխալ ազդակ կուղարկվի` հարաբերությունների կարեւորության առումով»,- այսօր նման հայտարարություն արեց Արեւելյան գործընկերության հարցերով Լատվիայի հատուկ դեսպանորդ Յուրիս Պոյկանսը` «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով քննարկման ժամանակ:
Նա ասաց, որ ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրների հետ փնտրում է համագործակցությունը խորացնելու ուղիներ:
«Ուկրաինայում իրավիճակը անկայուն ու բարդագույն է: ԵՄ-ՌԴ հարաբերությունները զարգացման ցածրագույն կետի վրա են: Վատթարացել է ԵՄ- Ադրբեջան հարաբերությունները: Անորոշ է Մոլդովայի հետ իրավիճակը, եվրոպական դաշինքը մի կերպ մեծամասնություն ստացավ երկրի խորհրդարանում: ԵՄ-ն էլ ֆինանսական ճգնաժամի ծուղակում է ու հարեւանության ընդլայնումը ոչ պոպուլյար է դարձնում ԵՄ-ի ներսում»,-իրավիճակն այսպես գնահատեց եվրոպացի պաշտոնյան:Միաժամանակ նկատելով, որ Վիլնյուսից-Ռիգա ձեռք է բերվել երեք ասոցացման համաձայնագիր, համագործակցություն դրանց շրջանակներում, առանց վիզային ռեժիմ Մոլդովայի հետ, ինչը հեռանկար է բացում Վրաստանի, Ուկրաինայի համար: Նկատի ունենալով Վիլնյուսի գագաթաժողովից հետո վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ՀՀ-ի եւ ԵՄ-ի համագործակցությունը, պարոն Պոյկանսը լիահույս է, որ նման հեռանկար կբացվի նաեւ Հայաստանի համար:
«Շատ քննադատվեց այն, որ ԵՄ-ն բոլոր գործընկերներին համագործակցության նույն մոդելն է առաջարկում: ԵՄ-ն վերանայել է այդ մոտեցումը: Մենք պիտի իրատեսական նպատակներ դնենք Ռիգայի գագաթաժողովում. այս փուլում դա ընդլայնման գագաթաժողով չի լինելու, անկախ որոշ պետությունների հավակնություններից»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը ԵՄ-ի համար մնում են կարեւորագույն գործընկերներ ու որպեսզի Արեւելյան գործընկերությունը հաջողությամբ պսակվի, ԵՄ-ն ՌԴ-ի հետ մրցակցության մեջ չի պատրաստվում մտնել: Հարաբերությունները ՌԴ-ի հետ մնում են շատ խրթին ու բարդ:
Կարդացեք նաև
Ռիգայում, ըստ եվրոչինովնիկի, կարող է քննարկվել, թե ինչպե՞ս վերադարձնել ՌԴ-ին`Արեւելյան գործընկերության հարթակ:
Պատասխանելով հարցին էլ, թե ինչո՞ւ ԵՄ-ն հստակ դիրքորոշում չի հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի առիթով, Յուրիս Պոյկանսն ասաց. «ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերություններում ավելի հեռու է գնացել ու այնպես չէ, որ ԵՄ-ն անտեսում է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները: Կա շահերի բալանս: Այդպես է նաեւ Բելառուսի հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ