Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը օգնություն է խնդրել Ֆելիքս Ցոլակյանից ու ԱԺ պատգամավորներից

Փետրվար 12,2015 17:16

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր դիմել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու մեկ տասնյակից ավելի պատգամավորների, հիմնականում ծնունդով շիրակցիների՝ խնդրելով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ու աջակցել Գյումրիին նոր կարգավիճակ շնորհելուն: Այս թեմայով քաղաքապետի, մարզպետի ու պատգամավորների առաջին հանդիպումը տեղի է ունենալու ամսի 27-ին: Aravot.am-ին այս մասին տեղեկացրեց քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը:

Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն (լուսանկարում) էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. « Մեր ամբողջ նախակրթարանները, մշակույթի ցանցը, սպորտդպրոցները եւ քաղաքապետարանի ապարատը, բոլորը միասին 500-700 միլիոն դրամ հետ ենք ուղարկում պետական բյուջե՝ եկամտահարկի տեսքով: Բացի դրանից, մենք ասենք շինարարություն ենք անում, չէ՞, շինարարը նախահաշիվը կազմում է եւ ներկայացնում է մեզ վճարման: Փոսային նորոգումը, ասենք՝ մեկ քառակուսին արժե 10 հազար դրամ, պիտի պարտադիր ավելացված արժեքի հարկը գումարես, նոր փոխանցես էդ շինարարին: Այսինքն` այդ ավելացված արժեքի հարկը պետական բյուջեի մասնաբաժինն է, գիտեք, չէ,՞ մեզանից է դուրս գալիս:

Մեր պատվիրած աշխատավարձի դիմաց ծառայություն են մատուցում մեզ, մենք պարտադիր պետք է ավելացված արժեքի հարկը վճարենք, որպեսզի մարդն էլ ինքը փոխանցի հարկային տեսչություն պետական բյուջեի հաշվին: Եվ մեր առաջարկությունն է, մեր ուղերձն է, մեր խնդրանքն է , անհնար է 3 միլիարդով այս հսկայական քաղաքը պահել: Թող կառավարությունը մեր քաղաքից գնացող, մեր աշխատավարձից գանձվող եկամտահարկը թողնի մեր տեղական բյուջեին: Սա կլինի խիստ արդարացի: Մենք ստանում ենք 1 միլիարդ 800 միլիոն դոտացիա պետական բյուջեից , դրա գոնե 40 տոկոսը հետ ենք ուղարկում պետական բյուջե՝ եկամտահարկի եւ ավելացված արժեքի տեսքով»:

Գյումրու գլխավոր ֆինանսիստը նշում է, որ այս գումարով քաղաք պահել հնարավոր չէ, ոչ միայն աշխատավարձերն են շատ ցածր, այլ չեն կարողանում կատարել վերանորոգման աշխատանքներ:

Լենա Ջիլավյանը նեղվում է, որ Երեւանի ասֆալտապատած փողոցները քանդում ու նորից ասֆալտապատում են, իսկ խեղճուկրակ գյումրեցիները դողում են անգամ մի «բահ ասֆալտի» վրա: Դրանք հավաքում, տանում են, Ջրմուղի կողմից քանդված երկրորդական փողոցների փոսերն են լցնում:

Samvel Balasanyan

Սամվել Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ գրված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավելի քան 26 տարի է անցել 88-ի աղետից, երբ մեր ծաղկուն քաղաքը լրջագույն խնդիրների բախվեց՝ կորցնելով իր տնտեսական ներուժի եւ բնակֆոնդի մեծ մասը: Խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն՝ չնայած իրականացված բազմաթիվ պետական եւ բարեգործական ծրագրերին:

Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ, որոնցից 2970-ը բնակեցված է, ավելի քան 9000 մեր համաքաղաքացի դեռեւս ապրում է անմարդկային պայմաններում՝ առանց նորմալ ջերմության ու անգամ լողանալու հնարավորությունների: Գյումրիում կա 88 վթարային շենք, որոնցում բնակվում է մոտ 1000 ընտանիք: Գյումրու փողոցների մոտ 70 տոկոսը քանդված կամ կիսաքանդ վիճակում են: Գործազրկության եւ աղքատության ցուցանիշները մեր քաղաքում գտնվում են անհանգստացնող բարձր մակարդակում:

Սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքի բնականոն զարգացմանը: Ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսներ, եւ որ Գյումրին իր ներկա կարգավիճակով եւ բյուջեով չի կարող նույնիսկ ոչ թե բեկում, այլեւ նկատելի տեղաշարժ ապահովել վերոնշյալ հարցերում: Ազատ մնացած գումարով հնարավոր չէ ե՛ւ քաղաքի ընթացիկ խնդիրները լուծել, ե՛ւ վերականգնել քաղաքը: Նորմալ աղբահանություն, փողոցների լուսավորում, բարեկարգման աշխատանքներ, շենքերի տանիքների եւ մուտքերի նորոգում , փոքր սոցիալական օգնություններ ծայրահեղ պայմաններում գտնվող մեր համաքաղաքացիներին եւ տարեկան մեկ կամ երկու փողոցների ասֆալտապատում, սա է այն առավելագույնը, որ հնարավոր է անել մեր քաղաքի միջոցներով: Ինչը, իհարկե, չի կարող բավարարել ո՛չ ինձ, ո՛չ ձեզ:

Որպես Գյումրու քաղաքապետ վստահ եմ, որ միայն ամենալայն կոնսոլիդացիայի ճանապարհով եւ պետական հստակ ծրագրերի իրագործմամբ է հնարավոր Գյումրու համար բեկումնային եւ առաջանցիկ զարգացում ապահովել: Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային եւ քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության եւ Սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը:

Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի եւ ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Միեւնույն ժամանակ ցանկանում են նշել , որ բաց եմ ցանկացած առաջարկի եւ գաղափարի քննարկման համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Կ. says:

    Օգնություն ինչի է խնդրել իրա պես թաքնված բդեշխը,էէէէ բալասանյանի ճակատը, ճակատը , ինչ սեմ, թող քաղաքի բուջեից տարած գումարները բերե ՝8մլն շրջած տոնածառի համար, 180 միլյոն իրա տղու ընկերությանը տված չինական լամպերի համար, 80 միլյանը Մշակութային քաղաքի անվան տակ լվացածը, 20 միլյոնը՝ Քաղաքի օրվա տոնակատարության անվատ տակ, 8 միլյոն սալյուտներ համար, որ էլի տղու ընկերությանն է փոխանցել, 5 մլն.-ը՝ իրա խմորեղենի գործարանին փոխանցածը՝ երեխեքի օրվա յանի կապակցությամբ, 3 մլն.՝դասատուների օրվա հմար էլի իրա խմորեղենի գործարանին փոխանցածը, նորից հմի 5 միլյոն մարտի ութի անվան տակ իրա խմորեղենի գործարանից յանի տորթեր առնելու անվան տակ փող պտի լվա, որ մարտի ութին որպես նվեր ու բարեգործություն ներկայացնե, մանկապարտեզներին սննդի մատակարարումից եկած միլյոնավոր գումարները, որ քրեական գործ բացվաց, որ կսեն երեխեքին գոմեշի միս է մատակարարվել իրա տղու ընկերոջ կազմակերպության կողմից, փող ընչի գուզե, թող տարածները բերե, ըշտը կթմի կեղնի, էդ ինչխոր հենց քաղաքապետ նշանակվավ խմորեղենի գործարանը աշխատցրեց, Չինաստանում գործարան դրեց , Սևանում ջրերի գործարան առավ, Ամերիկայում խանութների ցանց դրեց? ինչխ եղավ օր մեկից պերյոդ ընկավ, ըշտը ուտելն օր կուտե էլի բուջեից, թող ետ բերե թալանչիԲՀԿ-ական բալասանյանը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728