Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. Եվրոպան Հայաստանից չի հեռանալու

Փետրվար 12,2015 17:07

«Մենք այստեղից չենք հեռանալու, սատարելու ենք երկրի արդիականացմանը»,- այսօր նման հայտարարություն արեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան`ելույթ ունենալով «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով կոնֆերանսում: ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ ԵՄ-ն օժանդակելու է Հայաստանում մասնավոր հատվածի`ՓՄՁ-ների զարգացմանը: Դրա համար նախատեսված է 19 միլիոն եվրո տրամադրել մեր երկրին:

ԵՄ-ն կաջակցի նաեւ ՀՀ-ում արդարադատության համակարգին բարեփոխումների շարունակությանը, պետական կառույցների արդիականացմանը: Այս տարի ավելացել են նաեւ քաղաքացիական հասարակությանը տրամադրվող գումարները`կազմելով 2,1 միլիոն եվրո: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 12 միլիոն եվրո, 15 միլիոն`հարեւանության ներդրումային խրախուսման համար:

«Մեր ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունն ավելի ուղղվելու է բարեխիղճ կառավարմանը, դատական համակարգի բարեփոխմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Եթե դրանք եվրասիական համագործակցության առանցքը չեն կազմում, դա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար կարող է լակմուսի թուղթ լինել»,- ասաց եվրոպացի պաշտոնյան:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն այս տարի մարտ ամսին կայանալու է Հայաստանում: «Սա գերազանց հնարավորություն կլինի քննարկելու Արեւելյան գործընկերության զարգացման ուղիները: Մենք շատ ենք կարեւորում խորհրդարանական հարթակը: Մենք եկանք այն գիտակցմանը, որ ՀՀ քաղաքացիները պետք է ավելի լավ հասկանան թե ի՞նչ է ԵՄ եւ ի՞նչ չէ: Մարդիկ պիտի ավելի պարզորոշ հասկական, թե ինչո՞ւ է ԵՄ-ն ԵՄ հարկատուների գումարները, ճգնաժամի օրոք, ծախսում Հայաստանում ինչ որ ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց դեսպանը: Նա նաեւ նկատեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանում մեկ շնչին ընկնող օգնության ծավալը շատ չի փոխվել սեպտեմբերի երեքից հետո ու փաստեց.«Դա երկրորդն է Մոլդովայից հետո, իսկ Մոլդովան ստորագրել է ասոցացման համաձայնագիրը»:

Խոսելով մայիսին, Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթաժողովի կարեւորության մասին, Տրայան Հրիսթեան ասաց, որ Ռիգայի գագաթաժողովից պիտի իրատեսական ակնկալիքներ ունենանք:

Դեսպան Հրիսթեան ասաց նաեւ, որ ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է սահմաններում լարվածության ավելացման առիթով ու փաստեց, որ ԼՂՀ-ի դեռեւս չլուծված հակամարտությունը ռազմական լուծում չունի, ստատուս-քվոն էլ չի կարող շարունակվել: «ԵՄ-ն սատարում է խաղաղության գործընթացին, օժանդակում է Հայաստան-Թուրքիա հարաբերութունների բարելավմանն`առանց նախապայմանների»,-նկատեց ԵՄ պաշտոնյան`հավելելով, որ հարյուրամյա տարելիցը փորձաքար կլինի այս հարաբերությունների համար:

«Չճանաչված պետությունների հետ երկխոսությունը շատ կարեւոր է: Փաստը, որ մենք դրա մասին շատ չենք խոսում, դեռ ոչինչ չի նշանակում: Եկեք ելնենք չվնասելու սկզբունքից»,-ասաց Տրայան Հրիսթեան`պատասխանելով ԼՂՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերվող հարցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728