Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժի կրակոցների գործով. ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ

Փետրվար 12,2015 17:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ապացույցների հետազոտումը եւ սպասվում էր, որ ցուցմունքներ պետք է տային Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը: Սակայն երեքն էլ հրաժարվեցին, իսկ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի որպես վկա Վալերի Հովհաննիսյանի ցուցմունքը: Դրան առարկեց Վալերիի պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանը, որն ասաց, որ պետք է նշանակվի դատաձեռագրաբանական փորձաքննություն, քանի որ իր պաշտպանյալը երբեւէ նման ցուցմունք չի տվել եւ կեղծվել է անգամ նրա ստորագրությունը: Նա ասաց, որ դատարան կկանչի բուժքրոջը:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանը գտնվել է բուժկենտրոնում եւ նույն այդ ժամանակ նույն պալատում է գտնվել տուժողներից Մնացական Սուքիասյանը եւ պաշտպանը նիստերից մեկի ժամանակ հարցրել էր, թե արդյոք բուժկենտրոնում գտնվելու ժամանակ երբեւէ իրենց պալատ որեւէ մարդ եկե՞լ է: Պաշտպան Ալվանդյանը սա համարեց ոստիկանության Կենտրոնականի քննականի բաժնի քննիչի երեւակայության արդյունք:

Ի դեպ, ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը առաջին անգամ ողջ նիստերի ընթացքում խոսեց եւ ասաց. «Առաջին անգամ եմ տեսել Գոռին, ցուցմունք չեմ տվել, տեղյակ չեմ, չգիտեմ ով է եղել»:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց բավարարել Երեմ Սարգսյանի միջնորդությունը եւ հրապարակվեց ցուցմունքի կոնկրետ այն հատվածը, որով Վալերի Հովհաննիսյանն ասել էր, որ մինչ իր վրա կրակելը լսել է կրակոցի ձայն, մի քանի հատ: «Գոռը բացեց մեքենայի դուռը եւ փորիս զենքը պահելով կրակեց»,- շարունակեց հրապարակել Երեմ Սարգսյանը: Հրապարակվածին համաձայն չէր Արայիկ Ալվանդյանը:

Երեմ Սարգսյանը հրապարակեց նաեւ քննչական խումբ կազմելու մասին որոշումը, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչը եղել է Աշոտ Մխիթարյանը, սակայն մեկ այլ քննիչ՝ Դավիթ Կիրակոսյանը, դեպքից անմիջապես հետո կազմել է մի արձանագրություն, համաձայն որի՝ «Բանավոր կերպով զրույց ունեցա Արկադի Բաղդասարյանի հետ…»: Ի դեպ, սա այն վկան էր, որը երեկ հակասական ցուցմունք տվեց եւ նախկինում աշխատել է ոստիկան, իսկ այժմ Վերնիսաժում զբաղվում է շների վաճառքով:

Դատախազ Հարություն Սարգսյանն ասաց, որ Դ. Կիրակոսյանը ինչ-որ քննիչ չէ, այլ քննչական խմբի անդամ է եղել եւ իր գործողությունները եղել են օրինական:

Երեմ Սարգսյանը հրապարակեց Գոռ Առաքելյանի՝ ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալու մասին փաստաթուղթը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նա ոչ թե հայտնաբերվել է, այլ ներկայացել կամովին՝ իր «Մակարով» զենքով: Մեկ այլ գրության համաձայն, որը տրվել էր «Գրիգոր Լուսավորիչ» դատաբժշկական կենտրոնի կողմից, Գոռի մոտ շարունակական սթրեսի վիճակ է, հիշողության մասնակի կորուստ ունի, ինչը, ըստ պաշտպանական կողմի՝ աֆեկտային վիճակ ապրողին բնորոշ է: Վերնիսաժում հրազենից վիրավորված տուժողները՝ Արմինա Բադալյանը, Մնացական Սուքիասյանը եւ Մյասնիկ Հայրապետյանը այդպես էլ այսօր դատարան չներկայացան:

Փոխարենը դատական նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար՝ ամբաստանյալների ընկերախումբն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728