Ադրբեջանը եւ Հայաստանը ձգտում են ամրապնդել իրենց կապերը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Ըստ Eurasianet.org-ի՝ նրանք այդ նպատակով արդեն դիմել են պաշտոնական դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Չինաստանի գլխավորած տնտեսական եւ անվտանգության բլոկը ընդլայնման փուլում է: Ենթադրվում է, որ այս ամառ Հնդկաստանը եւ Պակիստանը կդառնան լիիրավ անդամներ: ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւի խոսքերով՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Մալդիվիան, Նեպալը եւ Սիրիան դիմել են դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Մեզենցեւը Հնդկաստանի եւ Պակիստանի հետ մի շարքում է դասել նաեւ Իրանին եւ նշել, որ չկան «օրենսդրական խոչընդոտներ» նրա՝ անդամ դառնալու հետ կապված: Այսպիսով` շատ հնարավոր է, որ Իրանն էլ կմիանա այդ կազմակերպությանն այս ամառ:
Այս պահին ՇՀԿ-ն ունի 6 անդամ: Նրանք են՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Մոնղոլիան եւ Աֆղանստանը դիտորդներ են, իսկ Բելառուսը, Շրի Լանկան եւ Թուրքիան երկխոսության գործընկերներ են:
Կարդացեք նաև
Նշվում է նաեւ, որ ոչ Բաքուն, ոչ Երեւանը չեն հաստատել Մեզենցեւի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին ցանկություն էր հայտնել դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ, բայց դրանից հետո ոչինչ չի եղել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ