2010 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան /այսուհետ՝ Կոնվենցիա/, որով ստանձնեց պարտավորություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը և պաշտպանությանը: Միևնույն ժամանակ դեռևս չի վավերացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:
Կազմակերպությունը 2007 թվականից առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Կազմակերպության կողմից իրականացվել են մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2007, 2009 և 2013 թվականներին, իրականացվել է զանգվածային լրատվության միջոցներով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ տարածվող նյութերի մշտադիտարկում, պետական բյուջեից հոգեկան առողջության բնագավառի ֆինանսավորման վերաբերյալ ուսումնասիրություն: Իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվել են օրենսդրական և պրակտիկայի բարեփոխման առաջարկություններ:
Սույն այլընտրանքային զեկույցում ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Մասնավորապես ներկայացվում են Կոնվենցիայի մի շարք հոդվածների դրույթների ներպետական օրենսդրության մեջ արտացոլման, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրարկման, իրականացման հետ կապված խնդիրները, որոնք վեր են հանվել Կոնվենցիայի և ներպետական օրենսդրության համեմատական վերլուծության, ինչպես նաև պրակտիկայում օրենսդրության կիրարկման անմիջական ուսումնասիրության /մշտադիտարկումների/ միջոցով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ