«ՀՀԿ-ն ոչ միայն իշխող քաղաքական ուժն է, այլ նաեւ քաղաքական ռիթմի թելադրողը, եւ ակնհայտ է, որ մեր կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցությունը ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում: Այսօրվա քննարկումից հետո կհրապարակվի այդ որոշումը, բայց ես կցանկանամ շեշտել, որ մեր որոշումները կայացվում են բացառապես ժողովրդավարական ընթացակարգերով, բաց քննարկումների միջոցով, եւ կարծում եմ, որ Հանրապետականի հերթական կարեւոր որոշումը օրակարգ կարող է ծառայել մեր երկրի հետագա զարգացման համար»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով այն հարցին, թե այսօր ի՞նչ կարեւոր որոշում է ընդունվելու ՀՀԿ ԳՄ նիստում:
Աշոտյանն ասաց, որ չի ցանկանում նիստից առաջ վարագույրները բացել, եւ հորդորեց սպասել` «Կարծում եմ, քանզի այսքան երկար սպասել ենք, մի քանի ժամվա համբերություն եւս կունենանք, որպեսզի վարագույրները բացեն այն մարդիկ, որոնք այդ վարագույրները բացելու են: Եթե վարագույրները բացվեն, ես պատրաստ եմ ձեզ ավելի մանրամասն տալ բացառապես քաղաքական վերլուծություն եւ տեղեկատվություն»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կազմակերպած վերջին բողոքի ակցիայի ընթացքում հնչած` «Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանն իրականում գանգստերական Հայաստան է» հայտարարության առնչությամբ էլ պարոն Աշոտյանն այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել հրապարակախոսական բնույթի արտահայտություններ, որոնք քաղաքական քննադատություն չեն հիշեցնում, այլ ավելի շատ միտինգային տերմինաբանության մեջ այդ պահին խրոխտ երեւալու ցանկության հետևանք են: Դուք կարծում եք, որ ես իմ բոլոր կարեւոր գործերը թողած, քաղաքական օրակարգը թողած պետք է մեկնաբանեմ ԲՀԿ-ական որոշ գործիչների ինչ-որ հայտարարություննե՞ր: Մենք կունենանք միասնական դիրքորոշում, եւ այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա՝ ԲՀԿ-ի հետ կապված եւ առհասարակ»: Աշոտյանը վստահեցրեց, որ իր նշած` ՀՀԿ միասնական դիրքորոշումը քննարկվելու է, հիմա «եփվում» է, ու շուտով որոշում կկայացվի:
ՀՀԿ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հանրապետական կուսակցության աչքից ոչինչ չի վրիպում, ոչ մի երեւույթ եւ ոչ մի հայտարարություն՝ կապված ներքաղաքական կյանքի հետ. «Ոչինչ անպատասխան եւ անհետեւանք չի մնա»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին` ԲՀԿ-ն սպառնում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնության դեպքը արագ չբացահայտելու դեպքում կոնկրետ պաշտոնյաների հրաժարականներ պահանջել, հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն, Աշոտյանն ասաց «Մենք ինչի՞ց ենք խոսում հիմա, գիտաֆանտաստիկ ժանրից ենք խոսում, թե՞ իրոք կարծում եք, որ այդպիսի բան կհնչի: Սպասենք, հա՞: Ամեն քաղաքական ուժ, հատկապես այն քաղաքական ուժը, որն իրեն վերագրում է ինչ-որ դերակատարություն, առաքելություն եւ այլն, պետք է կարողանա կարծիք հայտնել, այդ կարծիքին հետամուտ լինել, գործողություններ իրականացնել եւ պատասխանատվություն կրել: Այս շղթան է, որ բնութագրում է, թե որքանով է քաղաքական ուժն իրականում քաղաքական ուժ, ոչ թե բիզնես պրոյեկտ, հետաքրքրությունների ակումբ կամ քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց հավաքածու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Շատ հետաքրքիր է !!!: Փաստորեն Աշոտյանը հասկանում է որ այդ հարցը գիտական ժանրից է այսինքն հանրության գիտական մասն է դա պահանջում, դե ինքն է դա հաստատում է որպես գիտության նախարար, իսկ ֆանտաստիկ է համարում երևի չիմանալով դրա կայացման ժամկետները։