Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը արտահանման մասին` «Ռուսներն ասում են` սպասեք» (Տեսանյութ)

Փետրվար 12,2015 15:39

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարող է բացատրել գործարարների վերջին շրջանում դժգոհությունները՝ կապված Եվրասիական տնտեսական միության շուկայի հետ: Այս առնչությամբ պարոն Ճշմարիտյանն ասաց, որ կան տեխնիկական խնդիրներ, կանոնակարգերի հետ կապված. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում խնդիրներ կան, բայց դրանք այս փուլում լուծվում են: Մենք որքան էլ հավաքեցինք եւ իրազեկեցինք գործարարներին, համարյա ամեն օր, բայց ունեցած ճանապարհային քարտեզից հետո կային եւս կատարվելիք աշխատանքներ, որոնք հիմա ընթացքում են: Էսպիսի իրավիճակում, եթե համեմատելու լինենք ընդհանրապես կանոնակարգերի փոփոխության, պարզեցման եւ նոր կանոնակարգերի մտնելու առումով, ես կարծում եմ՝ մենք ոչ թե վատ, այլ շատ լավ վիճակում ենք, որովհետեւ տպավորությունն այնպիսին էր, որ խնդիրները կարող են ավելի շատ լինել: Բայց իրականում այդքան շատ չեն, որքան որ մենք սպասում էինք»: Նախարարի կարծիքով, ներկայիս խնդիրը կարճ ժամանակահատվածում կհարթվի:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` հայկական արտադրողները խնդիր ունեն իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու հետ կապված, ծավալները նվազել են, գրեթե արտահանում չի լինում, չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը, նախարարն այս խնդիրը համարեց նորմալ եւ բնական, մինչեւ Ռուսաստանում վերջնական ճշգրտումներ չլինեն. «Էնպես չի, որ ռուսաստանյան ընկերությունները մեր ընկերություններին ասել են՝ այլեւս մի արտահանեք: Եթե դոլարով էր կնքված պայմանագիրը, իսկ մեր պայմանագրերը հիմնականում դոլարով էին, իրենց ձեռնտու չէր: Իրենց մոտ դեռեւս գների ճշտում չէր գնացել, եթե դոլարով էին առնում, կարող էին վնասներ կրել: Ռուբլիով կնքված պայմանագրերը մեր տնտեսվարողին ձեռնտու չէին: Հիմա էդ ճշգրտումը գնում է: Նրանք ասում են՝ սպասեք, չեն ասում՝ չենք ուզում ձեր ապրանքը, որովհետեւ մեր ապրանքն ավելի շատ մրցակցում է իր տեսակի, առանձնահատկության հաշվին: Էդտեղ պահանջարկը լինելու է, ինչքան էլ կարողանանք արտահանմանն աջակցել ավելի լավ»:

Մանրամասն` տեսանյութում

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայում ծագած խնդիրները, կարծես թե նախկինում ՀՀ կառավարության վստահություններին հակասում է, լրագրողների այս դիտարկմանն էլ պարոն Ճշմարիտյանն ասաց, թե ցանկացած առեւտրական հարաբերությունների պարզեցում անհնար է, որ իր դրական ազդեցությունը չունենա, լինի դա ԵՏՄ, թե` Եվրամիության հետ հարաբերություններում. «Այդ ազդեցությունների իրական պատկերը, ավելի ռեալ պատկերը կլինի այն ժամանակ, երբ որ կայուն իրավիճակ կլինի, որի ազդակներն արդեն կան մեր գործընկեր երկրներում: Այսօր ասել, կանխատեսել, դեռ վաղ է»:

Ըստ էկոնոմիկայի նախարարի, Հայաստանում տնտեսական ճգնաժամ չկա ներկայումս, այսինքն` Ճշմարիտյանի խոսքերով ասած` տնտեսական ճգնաժամ, որպես այդպիսին, ներկայիս իրավիճակը, չի կարելի ասել, որ կա ճգնաժամ: «Կարող եմ նույնիսկ հիմնավորել, թե` ինչու: Այն ազդող գործոնները, որը հիմնականում դուք եք թմբկահարում, ի նկատի ունեմ Ռուսաստանի տնտեսության ազդեցության մասով, այնտեղ այնուամենայնիվ արդեն զգացվում են կայունացման միտումներ: Գները, ճիշտ է, բարձրացել են, բայց մեծ տատանումներ որպես էդպիսին վերջին 1-2 ամսում չկան, արտարժույթի մեծ տատանումներ չկան, նավթի գինը, եթե նկատել եք, որոշակի մեծ տատանումներ չի տալիս, նույնիսկ ինչ-որ տեղ բարձրանում է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը նաեւ վստահեցրեց, որ ԵՏՄ համաժողովում Հայաստան ներկրվող գազի գնի հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր կային, որ Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարց պիտի քննարկվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728