Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը շարունակվում է առանց տուժողների: Անցյալ տարվա մայիսի 17-ին հրազենային վնասվածքներ էին ստացել Արմինա Բադալյանը, Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանը: Չորս վնասվածք էր ստացել ոտքին նաեւ ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը եւ որովայնի շրջանում՝ Վալերի Հովհաննիսյանը:
Մեղադրողը հրապարակեց դատաբժշկական փորձաքննության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ ծանր, կյանքի համար վտանգավոր, բեկորային վնասվածք էր ստացել պատահական անցորդ Մյասնիկ Հայրապետյանը: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վնասվածքների հետ կապված դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բոլոր կրակոցները եղել են դեպի ներքեւ ուղղված: Դրանով ուզում էր հիմնավորել, որ դրանք որեւէ մեկին կյանքից զրկելուն ուղղված չեն եղել:
Մեղադրողը հրապարակեց նաեւ դատաքիմիական փորձաքննության արձանագրության եզրափակիչ մասը: Ուշադրության արժանի էր այն, որ Վալերի Հովհաննիսյանի հագուստի վրա առկա էր երկու վնասվածք, իսկ մարմնին՝ մեկը: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Ներսես Մելքոնյանի վնասվածքներին, ասելով, որ վերջին կրակոցը եղել է 90 սմ տարածությունից եւ դա հնարավոր է գետնից անդրադարձի (ռեկաշետի) հետեւանք է: Ըստ պաշտպանի, 90 սմ տարածությունից հնարավոր էր մարդուն խոցել, սակայն նպատակ չի եղել կյանքից զրկելը:
Ինչ վերաբերում է տուժողների հագուստների վնասվածքների եւ հրազենային վնասվածքների պատճառական կապին, Մնացական Սուքիասյանի հագուստի վնասվածքը, ըստ պաշտպանական կողմի, դարձյալ թույլ էր եւ անդրադարձի հետեւանքով էր: Երեմ Սարգսյանը ընդհանրապես բացառեց վերեւ կրակոցները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ վկաների ցուցմունքի, Գոռ Առաքելյանը կրակել էր Վալերի Հովհաննիսյանին, այդ ժամանակ նրանց արանքում գտնվել էր տուժող Մնացական Սուքիասյանը:
Մեղադրողը հրապարակեց նաեւ որպես ապացույց գործում առկա դատահետքաբանական- դատաձգաբանական փորձաքննության արձանագրությունը, ինչպես նաեւ դեպքի վայրի զննության արձանագրությունը:
Մանրամասները քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ