Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Բերձոր մեկնումը, հարվածը եւ դրա լուսաբանումը քայքայիչ են Հայաստանի համար»

Փետրվար 12,2015 15:19

1988թ. փետրվարի 12-ին մեկնարկել է ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը: Թեմային անդրադառնալով՝ այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ Ղարաբաղյան շարժումը վերջին 27 տարիների ընթացքում տեղի ունեցած այլ շարժումներից տարբերվում է նրանով, որ «դա միակն էր, որը մարդու շարժումն էր»: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ երբեք չի եղել շարժում, որի նպատակը եւ էությունը մարդն էր:

Բանախոսը փորձեց փոխաբերական իմաստով իր միտքը բացատրել. «Այդ մարդուն մենք սիմվոլիկ կերպով գնդակահարեցինք 1994 թվականին: 1988-1990 թվականներին այդ շարժման կատարյալ վիճակն էր, պատերազմի տարիներին այդ վիճակը պահպանվեց, իսկ պատերազմի ավարտից հետո մենք տրվեցինք մի լրիվ ուրիշ աշխարհի: Գործ ունեինք մի զառամյալ ծերունու հետ, որի մահը այսօր դիտարկում ենք՝ այսօրվա հասարակությունը, այսօրվա մարդիկ գնում են մահվան գիրկը»:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ. «Ունենք պատերազմը, ունենք զոհվող երիտասարդներ, որոնք մեր եւ մյուս կողմից զոհվում են, ունենք Հայաստանում եւ Ադրբեջանում երկրների այն խայտառակ վիճակը, որն այսօր կա՝ անդադար կուտակվող եւ տարածվող ատելությամբ հանդերձ: Տեսե՞լ եք ինչ բծախնդրությամբ են տարածում ատելությունը ոչ միայն Ադրբեջանում, այլ Հայաստանում: Այն ծեծուջարդը, այն ամենը ինչ կա, միայն մեզ մոտ չէ տարածված»:

Անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած դեպքերին, Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանում ընդունված չէ, որպեսզի որեւէ մեկի վրա հարձակվեն իր ընտանիքի անդամների աչքի առջեւ. «Եթե անգամ որոշել են մեկին սպանել Հայաստանում, ապա կատարում են աչքից հեռու: Սակայն այս դեպքը անթույլատրելի սահմանը անցել է»:

Աշոտ Մանուչարյանը 3 առանձին գործառույթներ է առանձնացնում, որոնք քայքայիչ են Հայաստանի Հանրապետության համար. «Բերձոր մեկնումը, հարվածը եւ դրա լուսաբանումը: Դա ավելացրել է ատելությունը, ինձ չի հետաքրքրում՝ ով, ինչ էր ուզում անել: Ամենաանկեղծ մարդիկ կան Ժիրայր Սեֆիլյանի շարժման մեջ, որոնք լավագույն բաներն են ուզում, բայց արածը բերել է նրան, որ մեր կայքերը ողողված են ստոր եւ կեղտոտ պնդումներով՝ «ղարաբաղցի», «հայաստանցի»: Այսինքն` սա եւս մի առճակատման գիծ է»:

Ղարաբաղյան խնդրի լուծման համար Մինսկի խմբի գործունեությունները, ըստ պրն Մանուչարյանի, տանելու են սպանությունից սպանության, ուրիշ ոչնչի: Լուծումը բանախոսը տեսնում է Ադրբեջանից փախստականների համագումարի կատարած գործողությունների մեջ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728