– ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքում անդրադարձել է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ՝ իրենց նախագահի՝ Մյունխենի Անվտանգության 51-րդ համաժողովում հարց ու պատասխանի էական դրվագներին՝ մասնավորապես Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն Աղդամում ու Ֆիզուլիում:
– Ադրբեջանի նախագահը առնվազն 21 տարի ուշացել է այդ հարցը տալու համար, կամ չգիտի ոչ միայն իր երկրի պատմությունը, այլև իր հոր կենսագրությունը: Չգիտի, որ Հեյդար Ալիևը, այո, իմաստուն ղեկավար էր, որ կարողացավ իր կործանվող պետության համար խաղաղություն ապահովել՝ եռակողմ զինադադար կնքելով: Չգիտի կամ ձևացնում է, թե չգիտի զինադադարի պայմանները, այդ պատճառով էլ նրա համար իսկապես հարց է, թե ինչ գործ ունի հայ զինվորն Աղդամում, Ֆիզուլիում ու ընդհանրապես հայերն ի՞նչ գործ ունեն իրենց հայրենիքում: Բայց Իլհամ Ալիևի «չիմացությունը» այդքանով չի սահմանափակվում, նա «չգիտի» նաև, թե որքան են ի վերջո ադրբեջանցի փախստականները՝ նույն հարց ու պատասխանի ժամանակ նա նախ նշում է 700 000 թիվը, հետո արդեն անցնում է իր համար անգիր արած 1 միլիոնին ու 20 տոկոսին: Ի՞նչ ցույց տվեցին նրա պատասխանները՝ Ադրբեջանը վաղուց արդեն ասելիք չունի ու ադրբեջանական դիվանագիտությունը հարկադրված է կառչել այդ միֆական 1 միլիոնին ու 20 տոկոսին, որովհետև հոդաբաշխ որևէ բացատրություն չունի, թե ինչու է խախտում հրադադարը:
Իսկ որ հենց Ադրբեջանն է խախտում՝ խոստովանեց ինքը՝ Իլհամ Ալիևը, երբ պատասխանում էր նախագահ Բորուտ Պահորի հարցին, թե ի՞նչ է պետք վստահությունը վերականգնելու համար: Կրկնելով «օկուպացված տարածքների» վերադարձի երգը, նա պարզապես չնկատեց, որ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ասելով. «Հաշվի առնելով, որ մենք կշարունակենք բանակցային գործընթացը, տարածքների վերադարձի սկիզբը անմիջապես կփոխի պատկերը, ռազմական գործողությունները անհապաղ կդադարեցվեն, ամբողջությամբ կպահպանվի հրադադարի ռեժիմը»: ՈՒրեմն, այսքանից հետո ի՞նչ իմաստ ունի հարցնել, թե հայ զինվորն ինչ է անում Աղդամում ու Ֆիզուլիում: Հայրենիքն է պաշտպանում: Եթե Ադրբեջանի նախագահը իսկապես ուզում է վստահությունը վերականգնել, պիտի տեսնի ու ընդունի այն, ինչ տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ավելի քան պարզ կրակը դադարեցնելու պահանջ են դնում Բաքվի առաջ:
Աշխարհը հոգնել է ադրբեջանական ռեֆերենտներից, որոնց հիմքում միջազգային իրավունքի նորմերի խեղաթյուրումն է՝ հարմարեցումը ադրբեջանական տրամաբանությանը, բայց միջազգային իրավունքը միջազգային է հենց այնքանով, որ առանձին ազգերն իրավունք չունեն սեփական հայեցողությամբ մեկնաբանել: Ադրբեջանի նախագահը այդպես էլ չպատասխանեց՝ ընդունո՞ւմ է հակամարտության հաղթահարման երեք սկզբունքները, թե՞ ոչ, նա գերադասեց վերաշարադրել տարածքային ամբողջականության սկզբունքը, նորից ու մեկ երեկոյի ընթացքում որերորդ անգամ կրկնելով տարածքների ու փախստականների վերադարձի, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի չկատարման իր բողոքը: «Մենք դեմ չենք ինքնորոշման իրավունքին, բայց այդ սկզբունքը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը»՝ սա էլ Ադրբեջանի նախագահի իրավագիտակցության վերին սահմանը: ՄԱԿ-ը, որին այդքան սիրում է ապավինել Իլհամ Ալիևը, իր Հռչակագրում սահմանել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների հարաբերակցությունը և նշել, որ երկրները, որոնք ուզում են իրենց ինքնիշխանությունը հարգվի, պետք է հարգեն այդ երկրներում ապրող ազգերի իրավունքը և թույլ չտան ինքնորոշման իրավունքի կանխումը՝ բիրտ ուժի օգտագործման ճանապարհով: Ի՞նչ, եթե ոչ բիրտ ուժի կիրառում էր Ադրբեջանի սկսած պատերազմը, որի արդյունքների հետ Իլհամ Ալիևը չի կարողանում հաշտվել: Վստահության հաստատման նրա պատկերացրած մեխանիզմները՝ ռազմական հռետորաբանությունն ու հարձակողական սպառազինությունների ձեռքբերումը, հաստատում են՝ Ադրբեջանը խնդիր ունի ներսում ճշտելու իր դիվանագիտական, ռազմական, քաղաքական հայտարարությունները, հետո՝ դուրս գա միջազգային ասպարեզ:
Այլապես՝ իր դիվանագիտական «փայլուն» հաղթանակներով իսկապես նպաստում է հայ դիվանագիտության հաջողությանը՝ բացահայտ ասելով՝ ո՞վ է ագրեսորը ու ինչպես է ձախողում բանակցությունները: ՈՒ եթե փայլուն հաղթանակի մասին խոսք կարող է լինել, այդ հաղթանակը ամենևին էլ Բաքվինը չէ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը, ակնհայտորեն, որակապես նոր մակարդակի վրա են, որը արձանագրվել ու ընդունվում է միջազգային ասպարեզում, իսկ Բաքուն դոփում է նույն տեղում:
Մամլո հաղորդագրություն