Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սառնաղբյուրցի երիտասարդին մեղադրանք առաջադրեցին խուլիգանություն կատարելու հոդվածով  (Տեսանյութ) 

Փետրվար 12,2015 13:28

Մոտ մեկ ժամ հարցաքննելուց հետո քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչության քննիչ Հրաչյա Առաքելյանը մեղադրանք առաջադրեց Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումներին մասնակցած 21-ամյա Մնացական Ալեքսանյանին:

Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը, դուրս գալով քննիչի սենյակից, տեղեկացրեց, որ նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: «Այսինքն, ըստ մեղադրանքի, Մնացական Ալեքսանյանը դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է Գարեգին Նժդեհ փողոցի հասարակական կարգը, խախտել է տեղի բնակիչների հանգիստը, տեղի օբյեկտների բնականոն աշխատանքը: Մի խոսքով, մեղադրանք առաջադրեցին, ցուցմունք տալուց կրկին անգամ հրաժարվել ենք, դիրքորոշում չենք հայտնել, դուրս ենք եկել»,-ասաց փաստաբանը:

Mnacakan-Aleqsanyan-2

Ըստ նրա, նման հոդվածով Մնացականին մեղադրելը ճիշտ չէ: «Մեղադրանքը կարդալիս այնպիսի տպավորություն է, թե Մնացականը մենակ է եղել Գարեգին Նժդեհ փողոցում եւ դիտավորությամբ խախտել է բնակչության անդորրը, կարգը, տպավորությունն այնպիսին է, կարծես քարեր մենակ Մնացականն է շպրտել, ոչ ոք ոչինչ չէր անում, մենակ Մնացականն էր այդտեղ»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Մնացականի հայրը՝ ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանն էլ ասաց, թե ինչ-որ տեղ սպասում  էր, որ մեղադրանք կառաջադրեն իր որդուն, քանի որ, ըստ նրա, պետք է ամեն ինչ պարզվեր:«Իրավապահ մարմինները ամբողջությամբ կպարզեն հանգամանքները , ես հավատում եմ վերեւ Աստված գոյություն ունի, իմ որդին անպայման կարդարացվի: Ես խոստացել էի, որ ցանկացած պահի կներկայանամ, թող իրավապահ մարմինները իրենց գործն անեն, հետաքննությունը շարունակեն», -ասաց հայրը:

Հավելենք, որ Քրեական օրենսգրքի 258 հոդվածը, որ կոչվում է «Խուլիգանությունը» սահմանում է. « 1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Mnacakan-Aleqsanyan-3

2. Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728