Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բալը (Էսսե)

Փետրվար 12,2015 12:44

Այդ տարի ես արդեն մանկապարտեզի նախադպրոցական խմբում էի: Աշնանը պետք է առաջին դասարան գնայի:

Մեր մանկապարտեզի բակում բալենիներ կային՝ ճյուղերը կախ գեղեցիկ ծառեր էին: Ամռան կեսին, երբ բալը հասնում էր, դայակները հավաքում էին այն և խոհարարը մեզ համար համեղ կոմպոտ էր պատրաստում:

Բայց կրկնակի համեղ էր բալը, երբ ինքդ էիր ծառից քաղում: Անտարբեր անցնելը ուղղակի անհնար էր: Մի օր, թեյի բաժակը վերցրեցի և սկսեցի բալ հավաքել՝ այնինչ մանկապարտեզում երեխաներին չէր թույլատրվում ծառերից միրգ քաղել: Հանկարծ դիմացի պատուհանից մեկը բղավեց. «Այդ ո՛վ է, այդ ի՛նչ եք անում»: Վարիչի ձայնն էր: Հիշում եմ միայն, որ սարսափահար վազում էի: Բալերով լի բաժակը վախից շպրտել էի, ու վազում էի:

Վախը կամաց-կամաց փոխարինվեց ամոթի զգացումով: Ես գողություն էի արել: Երբ հասա մեր խումբ, մայրս եկավ ընդառաջ ՝ նա նույն մանկապարտեզում էր աշխատում: Ես արտասվելով պատմեցի կատարվածի մասին: Նա հանգստացրեց ինձ: Մի քանի ժամ անց վարիչը՝ ընկեր Փանոսյանը, ով շատ խստապահանջ կին էր, բարձրացավ մեր խումբ: Նա սովորականի նման շրջեց ու գնաց: Ինձ թվում էր, որ եկել է ինձ տեսնելու և բացատրություն պահանջելու, բայց նա, ի զարմանս ինձ, ոչինչ չասաց:

Օրերը անցնում էին: Բալի պատմության մասին ոչ ոք չէր հիշում՝ բացի ինձանից: Ամեն անգամ այդ ծառերի կողքով անցնելիս երեսս հակառակ կողմն էի շրջում, կարծում էի, որ եթե նայեմ ծառերին՝ բոլորը կկարծեն, որ նորից պատրաստվում եմ քաղել:

Մանկապարտեզ այցելելուս վերջին օրերն էին: Մայրս ասաց, որ ընկեր Փանոսյանը ինձ կանչել է իր մոտ: Ես կրկին հիշեցի բալը: Կրկին վախեցա, ամաչեցի, բայց ստիպված էի գնալ: Արդեն կանգնած էի կաբինետի դռան մոտ: Սիրտս սովորականից արագ էր զարկում: Վերջապես շունչս պահեցի և դուռը թակեցի:

Տիկին Փանոսյանը ինձ ջերմ ժպիտով ընդունեց, կոնֆետ առաջարկեց՝ հրաժարվեցի: Նա իր պահարանից հանեց նկարչական երկու ալբոմ և գունավոր մատիտների տուփ: Դրանք ինձ մեկնելով, ասաց, որ նվիրում է՝ մանկապարտեզն ավարտելու կապակցությամբ: Նա ինձ հորդորեց լավ սովորել դպրոցում, հետո քնքշորեն գրկեց ու համբուրեց: Ես երջանիկ էի: Վազում էի մայրիկիս մոտ՝ ցույց տալու նվերներս, և ասելու, որ ընկեր Փանոսյանը չի բարկանում բալի համար:

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728