Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ գործ ունեն հակառակորդի հետ, իսկ ինչպես վարվել հակառակորդի հետ՝ թերեւս պարզ է. «Հայոց աշխարհ»

Փետրվար 12,2015 11:42

Ժիրայր Սեֆիլյանը, իսկ որ ավելի վատ է՝ նրա անունն օգտագործող ու շահագործող ինչ-ինչ շրջանակներ, որոշել են, որ կարելի է ուղղակիորեն թքա՛ծ ունենալ ոչ թե սոսկ ԼՂՀ ղեկավարության խնդրանքի, այլեւ իրենից ոչ պակաս «կռված տղաների», պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած մարդկանց, ըստ էության՝ մարտական ընկերների խնդրանքի վրա:

Ավելին՝ նա, չգիտես ինչու, կարծում է, որ իրավունք ունի բացեիբաց վիրավորել այլ մարդկանց, օրինակ՝ ԼՂՀ ղեկավարությանը, նրանց անվանելով թրքաբարո, ստախոս (այդ բնութագրմանն արժանացան նախագահ Բակո Սահակյանն ու փոխվարչապետ Ա.Աղաբեկյանը), նրանց համեմատել տխրախռչակ Կեւորկովի հետ եւ այլն, եւ այսպես շարունակ:

Դրանից հետո արժեզրկվում է շատ բան, ինչ երեկ հայտարարում էր Ժիրայր Սեֆիլյանը:

Նա քննադատում է թե՛ իշխանությանը, թե՛ այդ իշխանության դեմ պայքարող ընդդիմությանը՝ համարելով, որ վերջիններս պայքարում են «համակարգի ներսում»: Իսկ իրենք, փաստորեն, որոշել են պայքարել համակարգից դուրս: Դա ո՞րն է:

Դա, եթե իրերն իրենց անուններով կոչենք, հեղաշրջման փորձն է. այսինքն՝ հակառակորդ բնորոշվող անձանց ֆիզիկական վերացում, իշխանության բռնազավթում, հասկանալի է՝ ազնվագույն նպատակների փաթեթավորմամբ: Մնացածը, ինչպես երեկ ինքն էր նշում՝ «լյա-լյա» է: Այսինքն՝ դատարկ խոսքեր:

Մարդիկ դրել ու «Հիմնադիր խորհրդարան» են կազմել՝ այն նկատառմամբ, որ դա լինելու է «անցումային շրջանում» երկիրը կառավարող մարմինը, ապա նոր իշխանություն է կազմվելու, բոլորը լինելու են ուրախ ու երջանիկ, իսկ Արեւմուտքում գտնվող պատվիրատուները՝ նաեւ գոհ: Պատահական չէր, որ երեկվա ասուլիսում Ժ.Սեֆիլյանը մի քանի անգամ ԵՏՄ անդամակցությունը համարեց «Արցախը կորցնելուն» համարժեք մի բան:

Ու մի բան էլ, ասես մեծ զիջողություն է անում, ասաց, թե ապրիլի 24-ին խառնակչություն չեն անելու: Ինչպիսի՛ մեծահոգություն: Իրականում երեւի իրենք էլ հասկացան, դատելով հանրության ընդհանուր տրամադրվածությունից, դա այն օրը չէ, ավելին՝ եթե որեւէ մեկը փորձի այդ օրվա խորհուրդը ենթարկել իր նեղ քաղաքական շահերին, ապա եթե մինչեւ հիմա մարգինալ էր, այսուհետ կլիներ հիմնովին մերժված մարգինալ:

Ժիրայր Սեֆիլյանը, իհարկե, հրաշալի գիտակցում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Մարդը շատ պարզ, բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանի, Արցախի ղեկավարները Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի թշնամին են, մարդը պարզ, բացեիբաց հայտարարում է, որ գործ ունեն հակառակորդի հետ, իսկ ինչպես վարվել հակառակորդի հետ՝ թերեւս պարզ է:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728