Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյանը «հիմարություն» է անվանել Արտակ Խաչատրյանի ծեծի վերաբերյալ մի վարկած. «Ժողովուրդ»

Փետրվար 12,2015 11:23

ԲՀԿ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որ նախկինում եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմը, հիմա Ծառուկյանի ամենահավատարիմն է համարվում։ Եվ հնարավոր է՝ նրան դուր եկած չլինի իրավիճակը, որ ինչ-որ երիտասարդներ կարող են Ծառուկյանի աչքը մտնել՝ մարդաշատ ակցիաներ կազմակերպելով եւ հանդես գալով այն դիրքերից, ինչպիսին Արտակն էր։ Եվ ըստ այդմ, լուրեր են պտտվում, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կուսակիցների եւ ոչ միայն նրանց շրջանում, խոսելով Արտակ Խաչատրյանին առեւանգող ավտոմեքենայի մասին, բավականին ինքնավստահ ասել է, որ նրան առեւանգած սեւ գույնի «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները չկան, դրանով հնարավոր չէ «պոչը գտնել»։ Այս արտահայտությունը լրջորեն քննարկվում է իրավապահների շրջանում, քանի որ Արտակի հարազատները ձեռք են բերել եւ ոստիկանությանը տրամադրել մի տեսագրություն, որտեղ հստակ երեւում է սեւ «Տոյոտա»-ն՝ իր համարանիշներով։

Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, պատմել է, որ «Եղան բարի մարդիկ, անծանոթ մարդիկ, ովքեր փորձել են ինչ-որ բանով օգտակար լինել՝ մտածելով, որ տրամադրված տեսանյութը կարող է գործին օգուտ տալ։ «Չենք կարողանում բացահայտելը» բացառվում է, որովհետեւ արդեն իսկ հրապարակված հանգամանքները, փաստերը բավականին մեծ են հանցագործությունը բացահայտելու համար։ Եթե չուզենան բացահայտել, ցանկացած մարդ այդ մեղքը թողնելու է իրավապահների վրա»։

Թվում էր, որ այդ տեսանյութից հետո արդեն պետք է գործը բացահայտված լիներ, քանի որ գոնե համարանիշներով հնարավոր էր գտնել «Շրջանառության հարկի» վիճահարույց փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստին առեւանգող սեւ գույնի «Տոյոտա Կորոլան» եւ դրա մեջ եղած դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդկանց։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քննիչներն ու ոստիկանները բավականին օպերատիվ կերպով ստուգել են տեսաերիզում երեւացող ավտոմեքենայի համարանիշները եւ պարզել, որ դրանք կեղծ են։ Այսինքն՝ այդպիսի համարանիշ Հայաստանում գոյություն չունի եւ գրանցված չէ որեւէ մեկի անունով։ Ասել է թե՝ այս հետքերն էլ կորան։

Ու հենց այստեղ է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ասած խոսքերը կասկածի տեղիք են տվել իրավապահներին. նա որտեղի՞ց գիտի, որ համարանիշներով հնարավոր չէ որեւէ բան գտնել։

«Ժողովուրդ»-ը զրուցեց Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման բան ասել, եւ արդյոք իրեն հրավիրե՞լ են հարցաքննության Արտակի ծեծի գործով։ Մանուկյանը նախ ծիծաղեց, ապա ասաց, թե. «Բացառված է նման բան, հիմարություն է բառի բուն իմաստով։ Մնացած հարցերը՝ գրավոր»:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728