Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կբոյկոտե՞ն, թե՞ կաջակցեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 12,2015 10:44

«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած որոշման նախագիծն ընդգրկվել է փետրվարի 20-ին նշանակված ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում։

Հարցով հիմնական զեկուցող է նշանակված նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Սույն նախագիծը Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել 2014 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դեկտեմբերի 26-ին այն հայտնվեց ԱԺ կայքում։

Ըստ ԱԺ ընթացակարգերի, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծն ուղարկվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, հարցով գլխադասային է նշանակվել պետաիրավական հանձնաժողովը, որն էլ այն կքննարկի եկող ուրբաթ օրը եւ քվեարկությամբ կորոշի՝ դրակա՞ն եզրակացություն է տալիս նախագծին, թե ոչ։

Ըստ ԱԺ ընթացակարգերի, դրական եզրակացություն չստանալու դեպքում էլ նախագիծը, միեւնույն է, մտնելու է փետրվարի 23-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագիծ, եւ նիստի մեկնարկին 131 պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ընդգրկե՞լ այն քառօրյայի օրակարգ եւ քննարկել, թե ոչ։ Այսինքն՝ տվյալ պարագայում շատ բան կախված է ոչ թե պետաիրավական հանձնաժողովից, այլ լիագումար նիստի քվեարկությունից։

Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը պետաիրավական հանձնաժողովի պաշտոնական էջում (ԱԺ կայքի) դրվել է փետրվարի 6-ին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ դրանից մեկ օր անց՝ փետրվարի 8-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությանն առաջարկելով քննարկել ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը եւ անհապաղ խորհրդակցություններ սկսել ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը։ Հայտարարությունը տարածվել էր ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ՝ դեպքի հաջորդ օրը։

Երեկ, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին հարցրեցինք՝ ի վերջո, ի՞նչ որոշեց ԲՀԿ-ն, բոյկոտելո՞ւ է ԱԺ աշխատանքները, թե ոչ, նա պատասխանեց. «Ես քիչ առաջ եմ եկել, Հայաստանում չէի, օրվա ընթացքում կպարզեմ»։ Երբ նշեցինք, որ Փաշինյանի հեղինակած՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծն ընդգրկվել է պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում եւ առաջիկա քառօրյայի մեկնարկին այն քվեարկության է դրվելու, եւ հարցրեցինք՝ հնարավո՞ր է այս իրավիճակում, եթե նույնիսկ ԲՀԿ-ն բոյկոտի որոշում կայացնի, այդուամենայնիվ, այդ օրը գրանցվի եւ մասնակցի նախագծի քվեարկությանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ես հասկանամ՝ ինչ է կատարվում, ավելի ուշ խոսենք»։ Ավելի ուշ, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանզերին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728