Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգշաբթին ճակատագրական օր է Հայաստանի՞, թե՞ ՀՀԿ-ի համար

Փետրվար 12,2015 17:30

Քաղաքական ուժերը պատրաստվում են բախումների՞

Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն խորհրդի նիստ է հրավիրում, որի ժամանակ քննարկվելու են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Նախօրեին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ լրագրողներին փոխանցած այս տեղեկությունը թերեւս այդքան ինտրիգային չէր լինի, եթե ՀՀԿ խոսնակը չհավելեր, որ հինգշաբթի օրը կարեւոր որոշումներ եւ քվեարկություններ կլինեն: Մանավանդ, որ դրան նախորդել էին ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի ծեծի առիթով ԲՀԿ-ի կազմակերպած բողոքի երթը, այնտեղ հնչած խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու, հրաժարականներ պահանջելու մասին հայտարարությունները, սխալ պահվածքի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ ուղղված խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին: Թե երկրի ներքին քաղաքականությանը վերաբերող ո՞ր հարցերն են լինելու իշխող կուսակցության ուշադրության կենտրոնում հինգշաբթի օրը, ո՞ր հարցերի մասով են քվեարկություններ լինելու, որոշումներ կայացվելու՝ «Առավոտին» երեկ չհաջողվեց ճշտել: Խորհրդի անդամները նիստի օրակարգից դեռ տեղյակ չէին: Ենթադրություններ կան միայն, որ խորհրդի նիստում նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին խոսք կլինի, Հայաստան-ԵՏՄ, Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների տեսլականը կուրվագծվի:

«Ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի քննարկումները կծավալվեն հինգշաբթի՝ խորհրդի նիստում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցերին նման ընդհանրական պատասխան տվեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հորդորին՝ մի փոքր մասնավորեցնել, ասաց՝ մասնավորեցումները խորհրդի նիստից հետո: Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ խորհրդի նիստում անդրադարձ լինելո՞ւ է ԲՀԿ համաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթին, նրա կողմից առաջադրված իշխանափոխության հավանական պահանջին, խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու ԲՀԿ-ի սպառնալիքներին: «Իսկ այդ հարցերին ինչի՞ պիտի անդրադառնանք: Իշխանափոխության ի՞նչ խնդիր կա, որպեսզի մենք դրան անդրադառնանք: Մենք դա ընդհանրապես քննարկման առարկա չենք դարձնում: Դրա կարիքը չենք էլ զգում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Ի՞նչ է նշանակում բոյկոտ:

Իսկ ինչո՞ւ չէին բոյկոտում, երբ Արամ Մանուկյանի հետ կապված խնդիր կար, Գյումրիի հետ կապված խնդիր կար, ազատամարտիկների հետ կապված խնդիր կար: Ի՞նչ կապ ունի ԱԺ աշխատանքների բոյկոտը: Ընդհակառակը՝ խորհրդարանի խոսափողն իրենց համար լավ առիթ է իրենց մտահոգություններն արտահայտելու համար: Դա անլուրջ բան է: Եթե ուզում են պարզապես վնասել, խոչընդոտել խորհրդարանի աշխատանքները, դա իրենց չի հաջողվի»: Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը կասկածում է, որ եռյակի գործընկերները՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հավանության արժանացնեն ԲՀԿ-ի այդ առաջարկը. «Սպասեք՝ որոշումները կկայացնեն, հայտարարությունները կանեն, նոր կտեսնենք՝ ՀՀԿ-ն միանձնյա՞ է աշխատելու խորհրդարանում»: Դիտարկմանը՝ այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից միտումնավոր, ուղղորդված քայլե՞ր է տեսնում իշխող կուսակցության ներկայացուցիչը, պատասխան եղավ. «Իրենց հայտարարությունը, որ ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ դեմ են ցնցումների, բայց կառավարման մոդելի փոփոխությունը ցնցումներ կառաջացնի… Փաստորեն, իրենք ցնցումների են պատրաստվում: Ի՞նչ է՝ չգիտեմ: Եթե քաղաքական ուժի նպատակն իշխանություն վերցնելն է, կա սահմանադրական ճանապարհ՝ 2017 թվականի ընտրությունները»:

Իսկ ի՞նչ էր ակնարկում վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նախօրեին տված իր հարցազրույցում նկատելով, որ եթե ԲՀԿ առաջնորդը չհետեւի իր քաղաքական կառույցից հնչող «անպատասխանատու հայտարարություններին», ապա դրանցից բխող հնարավոր զարգացումների եւ սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: «Եթե կուսակցությունից դուրս են գալիս հայտարարություններ, դրա քաղաքական պատասխանատվությունը մնում է կուսակցության նախագահի վրա»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Մեր հստակեցնող հարցին՝ իրավիճակն այնպիսին է, որ չե՞ն բացառվում սրացումները՝ բախումները, ծեծ ու ջարդը եւ այլն, մեր զրուցակիցն ասաց. «Մենք դեմ ենք նման բաների: Եթե իրենք նման ոճով են ուզում գնալ՝ դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները: Մենք ընդհանրապես դեմ ենք բախումներին, միշտ կողմնակից ենք եղել խաղաղ գործընթացներին»:

Հինգշաբթին ճակատագրական օր է Հայաստանի՞, թե՞ ՀՀԿ-ի համար՝ մեր հարցին է ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նման հարցադրման կողմնակից չէ. «Հինգշաբթի խորհրդի նիստ է, որի ժամանակ պետք է մշակենք մեր մարտավարությունը՝ եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, եւ ընդհանուր գործունեության: Դրանց մասին կլինեն հայտարարություններ»: Վահրամ Բաղդասարյանը նաեւ վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները հետաձգելու հարց ՀՀԿ օրակարգում չկա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728