Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը մտել են փակ ռեժիմի մեջ ու դուրս չեն գալիս

Փետրվար 12,2015 16:00

Մոտ երկու ամիս է՝ հայաստանյան բանկերը դադարեցրել են վարկավորումը
Երեկվա դրությամբ մեր երկրում գործող շուրջ երկու տասնյակ բանկերից հատուկենտ բանկերի ներկայացուցիչներ միայն «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ վարկ են տալիս: Այդ բանկերից էլ ընդամենը 1-2-ն էին, որոնք վարկը տրամադրում էին դրամով, մնացածը հայտնեցին, որ կտան՝ միմիայն դոլարով՝ 17-24 տոկոս տոկոսադրույքով:
Հայաստանյան բանկերում այս իրավիճակը ստեղծվեց անցյալ տարվա վերջին, երբ ազգային դրամն արժեզրկվեց, իսկ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ՝ 410 դրամից մեկ դոլարը հասնելով մոտ 500-ի:

Վարկերի դեֆիցիտն արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար, եւ, մասնագետների գնահատմամբ, եթե մի փոքր էլ այս իրավիճակը շարունակվի, ապա բիզնեսի համար կործանարար հետեւանքներ կունենա. ոչ միայն տնտեսական աճ չենք ունենա, այլեւ 2015-ին ՀՆԱ-ի բացասական դինամիկա կարձանագրվի:
Արդեն իսկ խնդիրների առաջ են կանգնել մասնավորապես՝ դոլարով վարկ վերցրած գործարարները, որոնցից ոմանք արդեն բիզնեսն են վաճառքի հանել՝ բանկերին ունեցած պարտքերը փակելու համար: Վարկերի տակ գտնվող տնտեսվարողները, չկարողանալով նոր վարկեր վերցնել բիզնեսի շրջանառությունն ապահովելու համար, ունեցած ապրանքը ցածր գներով իրացնում են, որպեսզի գոնե գրավադրված գույքը, որոնք գործարարների բնակարաններն են կամ այլ արժեքավոր իրեր՝ կարողանան փրկել: Նոր վարկեր էլ չեն կարողանում ներգրավել՝ այդպիսով կորցնելով տարիներ ի վեր կառուցած բիզնեսը:
Այս երեւույթը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի մեկնաբանմամբ, կոչվում է «կլասիկ բանկային ճգնաժամ»:

«Այսինքն՝ երբ բանկն իր հիմնական գործառույթը չի կատարում՝ չի վարկավորում, նշանակում է՝ նա մտել է փակ ռեժիմի մեջ եւ իր ռիսկերն այն աստիճանի է ապահովագրում, որ ընդհանրապես, անգամ չնչին ռիսկի առկայության պարագայում նա պատրաստ չէ վարկ տալ»,- ասում է պարոն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է դրամով վարկ չտալուն, ապա պարոն Խաչատրյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ ազգային դրամն իր վստահությունը կորցրել է: Մեր այն դիտարկմանը, թե ոլորտի մասնագետները նաեւ փաստում են, որ բանկերը դրամ չունեն, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Եթե բանկերը դրամ չունեն, դա Կենտրոնական բանկի խնդիրն էլ է նաեւ, որովհետեւ եթե բանկը Կենտրոնական բանկից բարձր տոկոսով վարկ է վերցնում, նա ստիպված է շատ ավելի բարձր տոկոսով վարկավորել. ահա այստեղ է թաքնված խնդիրը: Սա ինչի է հանգեցնում. գործարարներն ուզում են ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր, քանի որ ունենալով բարձր տոկոսի վարկեր՝ չեն կարողանում իրենց բիզնեսի շահութաբերությունն ապահովել, բացի այդ՝ ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ զարգացման տեմպերն իջնում են, եւ իրենց առեւտրի ծավալները չեն ավելանում: Անգամ ցածր տոկոսադրույքների տակից գործարարները մի կերպ էին դուրս գալիս, ուստի մարդկանց մեջ վախ է ընկել, որ նման վարկեր չպիտի վերցնեն»:

Պարոն Խաչատրյանի տվյալներով՝ նոր տարվա ժամանակահատվածում մարդիկ անգամ սպառողական վարկեր քիչ են վերցրել, բացի այդ՝ բանկերը նույնպես խուսափել են մեծ քանակությամբ սպառողական վարկեր ֆինանսավորել, որովհետեւ ըստ նրա՝ սպառողական վարկն ամենավտանգավորներից է. «Վտանգավոր է այնքանով, որ այն առանց գրավի վարկ է եւ բացի այդ՝ ամենաբարձր տոկոսադրույքով է, եւ սպառողական վարկը, որպես այդպիսին, կլասիկ ինֆլյացիա է»:

Տնտեսագետի խոսքերով՝ ահա մի քանի նման իրավիճակներում է, որ մեր բանկային համակարգը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. «Չունի դրամական բյուջե, դոլարը վախենում է ծախսել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ բանկերի տրված վարկերի վերադարձելիությունն է խնդրի առաջ հայտնվել: Վարկը վերցրել են, չեն կարողանում վերադարձնել: Եվ վարկի դիմաց բանկին թողած գրավները, որոնք, ասենք՝ հսկայական գործարան է կամ այլ գույք, բանկը չի կարողանում իրացնել»:

Սա, տնտեսագետի կարծիքով, կտանի ակտիվների գնի իջեցման, այսինքն՝ բանկը կսկսի իր ակտիվներն էժան վաճառել, որպեսզի կարողանա գոնե իր փողը հետ բերել:
«Տնտեսության մեջ, կոպիտ ասած, ճգնաժամ է սկսվում, որը արժութային ճգնաժամից վերածվել է բանկային ճգնաժամի»,- ասում է պարոն Խաչատրյանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բանկերի՝ վարկեր տրամադրելու գործընթացը ժամանակավորապես կասեցնելու պատճառներից մեկն էլ լինի բանկերի միավորման շուրջ ընթացող բանակցությունները, որոնք դեռեւս հստակ որոշման չեն հանգեցրել, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Բանկերը, որոնք պետք է միավորվեն, վարկ տալու հետ կապված որեւէ խոսք չի կարող լինել, քանի որ միավորվելով՝ նրանք վարկառուներին գցելու են մեծ պատմությունների մեջ: Իսկ եթե բանկը չի վարկավորելու, նրա գոյության իմաստը ո՞րն է»:

«Առավոտի» այն դիտարկմանն էլ, թե այս օրերին որոշ բանկեր, որոնք ցածր կապիտալ ունեն եւ նրանց անունները միավորվողների ցուցակում է, սկսել են բարձր տոկոսադրույքով վարկեր ներգրավել, տնտեսագետն ասաց, որ շատ բարձր տոկոսով ավանդն արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ բանկը փողի խնդիր ունի. «Ավանդն առաջարկում է նրա համար, որ կարողանա իր խնդիրները լուծել: Ավանդի բարձր տոկոսը տվյալ բանկի վատ վիճակի գլխավոր նախադրյալն է, այսինքն՝ ըստ ավանդների բարձր տոկոսադրույքների՝ կարելի է եզրակացություն անել բանկերի վիճակի վերաբերյալ»:

Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ բանկի ապահով, ոչ ռիսկային լինելու մասին են խոսում նաեւ բանկի արտարժույթի ավանդի տոկոսադրույքները:

Այն հարցին էլ՝ եթե այս իրավիճակը շարունակվի, ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, արդյունքը լինելու է այն, որ ունենալու ենք ցածր տնտեսական աճ, տնտեսությունը սառելու է, բանկային համակարգը հայտնվելու է ռիսկային վիճակում»:

Հարցին, թե այս անգամ է՞լ կունենանք խաբված ավանդատուներ՝ ինչպես տարիներ առաջ էր, տնտեսագետը հույս հայտնեց, որ խաբված ավանդատուների մոդելը այս անգամ չի լինի, բացի այդ՝ մարդկանց ավանդները ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից երաշխավորվում են:

Նշենք նաեւ, որ բանկերում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բանկերի վարկային գործակալների աշխատավարձերը մեխանիկորեն նվազել են. վարկային գործակալների աշխատավարձը նաեւ ձեւավորվում էր ամեն ներգրաված վարկառուից, եւ քանի որ բանկերը վարկեր չեն տալիս, նրանք այլեւս նախկինի պես չեն վարձատրվում:
Այս առնչությամբ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Եթե տնտեսությունը սառում է, մարդիկ վարկ չեն վերցնում, բնականաբար՝ վարկային գործակալները գործառույթ չունեն անելու»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728