Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսը, որպես հոգեւոր հայր՝ պետք է անբիծ լինի»

Փետրվար 12,2015 14:00

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ եկեղեցու փողերը մշտապես եղել են կաթողիկոսների անվան տակ, սակայն եկել է ժամանակը՝ կարգը փոխելու

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով HSBC բանկում գաղտնի հաշվեհամարի վրա եղած 1,1 մլն դոլարի մասին սկանդալային լուրից հետո՝ գնալով խոսակցությունները թեժանում են: Ոմանք գտնում են, որ վեհափառը պետք է հրաժարվի այն դերից, որը ստանձնում է, քանի որ այդ կերպ նա գոնե ինչ-որ չափով կմաքրի իր անունը, բացի այդ, նման քայլով ցույց կտա իր խիզախությունը, որովհտեւ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ միայն ուժեղ մարդիկ կարող են հրաժարվել փառքից, դիրքից ու պաշտոնից:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ շատերն են կարծիքներ հայտնում, այդ թվում՝ մշակույթի մարդիկ: Ռուբեն Բաբայանը գտնում է, որ ամբողջ պատմությունը տխուր է ու դրա մասին խոսելով՝ հաճույք չի ստանում, սակայն կանգնել է այն մտքի վրա, որ երբ ընտրում ես հրապարակային մարդ լինելու դերը, ապա պետք է պատրաստ լինես, որ քո ամբողջ կյանքը խոշորացույցի տակով է անցնելու, սա է կյանքի օրենքը: «Սեփական հեղինակությունը, կարծում եմ, ամենից վեր պետք է լինի: Սա մշակույթի հարց է, թե ինչպես ենք մենք մեր երեխաներին դաստիարակում, ինչ մթնոլորտում, եւ թե ինչքանով է մեզ անհանգստացնում սեփական հեղինակությունը՝ ոչ թե որոշակի տվյալ դեր թաքցնելու տեսակետից, այլ հասկանալով, որ մենք հնարավորինս անբիծ պետք է լինենք: Ես ուզում եմ հավատալ, որ մշտապես եկեղեցու փողերը եղել են կաթողիկոսների անվան տակ գրանցված, բայց միգուցե եկել է ժամանակը՝ այդ կարգը փոխելու: Իհարկե, կաթողիկոսը, որպես հոգեւոր հայր, պետք է անբիծ լինի: Ճանապարհը պետք է երկկողմանի լինի՝ հասարակությունն ավելի զուսպ՝ մեղադրանքների փորփրելու տեսակետից, իսկ մյուս կողմը, որը ստանձնել է այդ պարտականությունը՝ հոգեւոր խաչը կրելու, պետք է բծախնդիր լինի սեփական հեղինակության մինչեւ վերջին բջիջը»,- համոզված է մեր զրուցակիցը:
Ռուբեն Բաբայանի խոսքով, հասարակության մեջ մեծ ագրեսիայի պայթյուն է լինելու, ինչը, ըստ նրա, գալիս է մարդկանց ընդհանուր դեպրեսիվ վիճակից. «Բացարձակապես մեղադրելով բոլոր բռնությունները՝ ես զգում եմ, որ օդի մեջ ագրեսիա է կախված, բռնության հոգեբանություն, եւ սա պետք է վերացնել, հակառակ դեպքում՝ մենք մասսայական ման ենք գալիս մեր մեջ թշնամիներ»:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ վեհափառը պետք է հրաժարվի իր ստանձնած դիրքից, Ռուբեն Բաբայանը հետեւյալը պատասխանեց. «Կարծում եմ, որ հրաժարականը, որպես գործողություն, որոշակի քաղաքակրթության դրսեւորում, անձնական լուծելու հարց է: Այստեղ խորհուրդներ պետք չեն: Եթե դու ստանձնել ես որոշակի պարտավորություններ, ուրեմն ստանձնել ես նաեւ դրանք իրագործելու բարոյական իրավունք ու եթե հասկանում ես, որ ոչ արդարացիորեն դու այդ բարոյական իրավունքներից զրկվում ես՝ հենց այս դեպքում գալիս է հրաժարականի հարցը, բայց սա էլ յուրաքանչյուրն ինքն է լուծում իր համար: Քրիստոսն ասում է, ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նետի քարը: Մենք էլ անմեղ չենք, հրաժարական տալը բազմիցս է եղել, տարբեր մարդկանց կողմից: Բայց, երբ դրվում է նժարի վրա, թե ինչի համար ես դու կոչված եւ արդյոք դու կարող ես տանել ամբողջովին, այստեղ գալիս է մտորելու հարց՝ կարող ես, թե ոչ, եւ եթե չես կարող, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ քո բարոյական ուժը չի հերիքում, այլ՝ այնպես են դասավորվել հանգամանքները, որ հավատը վերականգնելը դժվար է: Կարծում եմ՝ հրաժարական ասվածը ուժեղ եւ բարոյական մարդկանց գործելաոճ է»:

Հարցին էլ, թե հրաժարականով վեհափառը կմաքրե՞ր իր անունը, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Ես չեմ կարողանում մարդկանց խորհուրդներ տալ, բայց երբ ավելի կարեւոր է գործը, եւ երբ քո անձի պատճառով գործը տուժում է, պետք է որոշում կայացնելու խիզախություն ունենալ: Հրաժարականի քայլը նաեւ բարոյական հեղինակությունը վերականգնելու միջոց է: Մենք կարող ենք շատ բան կորցնել կյանքում, բայց երբ հեղինակությունն ենք կորցնում՝ ոչնչանում ենք: Ոչ մի նյութական կորուստ երբեւէ չի կարող համեմատվել հեղինակության կորստի հետ: Ցավալի է…»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728