Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կայացրած որոշումները եւ բազմակողմանի տեղեկացվածությունը

Փետրվար 12,2015 12:30

Դիտարկումներ՝ ուսման բաղկացուցիչ մասերի վերաբերյալ

Հիմնականում ուրախանում եւ ոգեւորվում եմ, երբ դասի ընթացքում ուսանողների կողմից ստանում եմ ամբիցիոզ, ոչ ստանդարտ հարցեր, կամ լսում եմ հիմնավորված տեսակետներ: ՀԱՀ-ում խրախուսվում է ինտերակտիվ դասավանդման ոճը, ինչը ենթադրում է ուսանողների ակտիվ մասնակցություն, եւ ոչ թե գիտելիքների եւ տեղեկությունների պասիվ download:

Դասախոսության ընթացքում քննարկումները, երբեմն նաեւ բանավեճերն օգտակար են, բայց հիմնավորված բանավիճելու համար պետք է նախեւառաջ բազմակողմանի տեղեկացված լինել թեմայից, իսկ երբ խոսքը գնում է բիզնեսի ոլորտին վերաբերող բանավեճերին՝ գիտական հիմնավորումներ պետք չեն, պետք է հենց բազմակողմանի, ընդհանուր տեղեկացվածություն: Իհարկե, քննարկումների համար ոչ միայն տեղեկացվածություն է անհրաժեշտ. այդ տեղեկացվածությունը պետք է համեմված լինի նաեւ պատշաճ ընտանեկան դաստիարակությամբ եւ ընդհանուր քաղաքավարությամբ, որպեսզի լսարանի համար քննարկումը դառնա փորձ եւ տեղեկություն քաղելու աղբյուր:
Բազմակողմանի տեղեկացված լինելու համար պետք է հնարավորինս հետեւել նորություններին եւ վերլուծական հոդվածներ կարդալ: Այստեղ ՄԵԾ խնդիր ունենք: Տպագիր մամուլ գրեթե չենք կարդում, իսկ ինտերնետը ողողված է բամբասանքի մակարդակ ունեցող նորություններով, որոնք ուշադրություն գրավող են եւ հեշտ մարսվող, բայց երբեք չեն նպաստում հենց այն բազմակողմանի տեղեկացվածությանը, որը պետք է վերոնշյալ քննարկումները դարձնի փորձ եւ տեղեկություն քաղելու աղբյուր:

Բամբասանքի մակարդակի լուրեր տրամադրող կայքերը ծաղկում են, հզորանում գովազդից ստացված եկամուտներով. կարդացողները, կամ ավելի ճիշտ՝ կայքի այցելուները շատ են եւ գնալով շատանում են (այժմ գովազդային եկամուտների տեսանկյունից կարեւորվում է այն, թե քանի զույգ աչք այցելեց կայք, ոչ թե քանի զույգ աչք իրականում հոդված կարդաց): Այն սակավաթիվ լրատվական/վերլուծական կայքերը, որոնք այս բամբասանքի թրենդից դուրս են, ցավոք, ռեսուրսներ չունեն գովազդի միջոցով ավելի երեւացող դառնալու եւ հասարակության լայն շերտերի առօրյայում տեղ գտնելու համար:

Որպես «միջանկյալ սերնդի» ներկայացուցիչ, ինքս դեռ հիշում եմ, թե մեր ծնողներն ինչ ոգեւորությամբ էին սպասում տարբեր մասնագիտական եւ գիտահանրամատչելի պարբերականների լույս տեսնելուն սովետական ժամանակաշրջանում: Կարդում էին, քննարկում, զարգանում, ընդունված նորմա էր, առօրյայի մի մաս: Երբ ուսանում էի Միացյալ Նահանգներում, ձեռք էի բերել The Economist պարբերականի տարեկան անդամագրություն, ու նույն անհամբերությամբ սպասում էի նոր համարի լույս տեսնելուն: Ով չէր կարդում The Economist, այսպես ասած՝ «դուրս էր մնում» հետաքրքիր քննարկումներից (ինչպես լսարանային, այնպես էլ արտալսարանային): Տեղեկացված լինելու որոշակի ճնշում կար դասախոսների եւ ընդհանրապես զարգացած մարդկանց կողմից, որը պարտավորեցնում էր:

Վերադարձա Հայաստան, որոշ ժամանակ ինտերնետով շարունակում էի հետեւել The Economist ամսագրի նոր համարներին (փոստային առաքումը Երեւան բավական թանկ է), բայց ինտերնետում այնքան շեղող բաներ կան, որ, ի վերջո, առօրյայիցս դուրս եկավ վերլուծական ամսագրեր կարդալը: Փորձեցի հետաքրքրվել՝ ռուսական ինչ պարբերականներ կան, որոնց կարելի է անդամագրվել մատչելի գներով: Անմիջապես չգտա, հետո ծուլացա ու ընկա մեր ոչ պահանջկոտ հասարակության ընդհանուր հոսանքի մեջ, ու այդ հարցն ընկավ հետին պլան: Ինձ վրա արդեն տեղեկացված լինելու ճնշում չէի զգում, տեղեկացված մարդկանց հետ քննարկումներն էլ հազվադեպ դարձան աստիճանաբար:

Ինքս պահանջում եմ ուսանողներից, որ հետեւեն նորություններին եւ կարդան վերլուծական հոդվածներ: Փորձում եմ հետեւողականորեն ստուգել՝ դասախոսության սկզբում քննարկման հարթակը բացելով այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են լսարանի հետ կիսվել վերջին 24 ժամվա ընթացքում կարդացած (տնտեսական կամ բիզնես թեմայով, իհարկե) որեւէ հետաքրքիր հոդվածով: Ցավոք, այդպիսիք քիչ են լինում, եւ արդյունավետ քննարկում կազմակերպել հաճախ չէ, որ ստացվում է: Էլ ավելի քիչ են այն ուսանողները, որոնք դասախոսության ընթացքում տվյալ օրվա թեմային առնչվող որեւէ մի արժեքավոր տեսակետ են արտահայտում: Խնդրում եմ ճիշտ հասկանալ. տեսակետներ արտահայտողների պակասություն չի զգացվում, բայց արժեքավոր տեսակետներ չափազանց հազվադեպ են արտահայտվում:

Պատճառն, ըստ իս, հենց այն ընդհանուր տեղեկացվածության բացակայությունն է, որը պետք է սերմանել մեր երկրի երիտասարդության մեջ: Քննարկումների որակից աշխարհընկալում է ստեղծվում, մարդիկ սկսում են տեսնել «կապակցված պատկերը», ոչ թե առանձին մասնիկներ, իսկ դա մեծապես նպաստում է որոշումներ կայացնելու ունակության վրա: Որոշումներ, որոնք մեր երկրի ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա են ազդում:

ԿԱՐԵՆ ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրիատի դասախոս
Մտքերով կիսվելու եւ առաջարկությունների համար հեղինակը հասանելի է [email protected] էլ. փոստի հասցեով

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728