Երիկամները զույգ օրգաններ են, որոնց հիմնական ֆունկցիան արյան մաքրումն է ֆիլտրացման եղանակով: Արեւելյան բժշկության մասնագետները երիկամները համարում են այն 5 հիմնական օրգաններից մեկը, որոնցից յուրաքանչյուրի ախտահարումը օրգանիզմի համար խիստ վտանգավոր է: Երիկամները չեն սիրում ցուրտ եւ խոնավ եղանակ: Այս օրգանին չինացիները անվանում են երկրորդ սիրտ, քանի որ նրա ֆունկցիան ազդում է համարյա բոլոր օրգանների վրա: Դասական եւ արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ եթե մարդու մոտ լսողության խնդիրներ են առաջանում, նշանակում է՝ պետք է բուժել երիկամները. «Մարդը, ինչպես եւ մոլորակի վրա ամեն կենդանի էություն ենթարկվում են ծնվելու, աճի, հասունության, ծերության եւ մահանալու պրոցեսների բնական օրենքներին: Պետք է օգտվել բնության տված բարիքներից եւ առողջ կլինեք»:
Քանի որ տարվա ամեն մի եղանակ նպաստավոր է մարդու օրգաններից որեւիցե մեկի մաքրման համար եւ ձմեռը համընկնում է երիկամների եւ միզապարկի մաքրման ժամանակի հետ` տիկին Խաչատրյանը խորհուրդ է տալիս տան պայմաններում մաքրել երիկամներն ու միզապարկը` հետեւելով սննդակարգին եւ շատ ջուր խմել. «Խորհուրդ է տրվում 2-3 լիտր ջուր խմել, բայց շատ կարեւոր է՝ այդ ջուրը ճիշտ խմել, քանի որ ինչքան էլ շատ խմենք, բայց սխալ ժամանակահատվածում` հակառակ արդյունք կտա: Նախ ուտելու ժամանակ ոչ մի տեսակի հեղուկ չի կարելի խմել, ուտելուց հետո էլ գոնե 1,5-2 ժամ պետք է անցնի, կամ ուտելուց 20-30 րոպե առաջ»:
Բժշկուհին խորհուրդ է տալիս մաքրման ժամանակ սահմանափակել մսամթերքի` հատկապես ապխտած մսեղենի, կաթնամթերքի քանակը, չի կարելի օգտագործել թթու կաղամբ, լոբազգեղեն, գարոխ, շոկոլադ, թուրինջ, չիփս, լուծվող սուրճ, սահմանափակել աղի եւ շաքարի քանակը, ալկոհոլային խմիչքները, սեւ սուրճը, վիտամին C-ն:
«Միզաքարային հիվանդության ժամանակ պետք է շատ օգտագործել այն մթերքները, որոնց մեջ մեծ քանակությամբ պարունակում է կալիում, իսկ դրա հիմնական աղբյուրը չիրն ու չամիչն է»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նա առաջարկեց տան պայմաններում 10-15 հատիկ մասուրը լվանալ, ավելացնել 1 լիտր եռման ջուր եւ թողնել 8-10 ժամ, քամել եւ օրվա ընթացքում խմել` առավոտյան կես բաժակ անոթի, մնացած մասը օրվա ընթացքում, ցանկալի է ուտելուց 20 րոպե առաջ, կամ 250 մլգ եռման ջրին ավելացնել մի բուռ եգիպտացորենի թելիկներ, առավոտյան սոված փորին կես բաժակ միանգամից խմել, մնացածը ուտելուց 20 րոպե առաջ: Միզուղիների մաքրման համար տիկին Խաչատրյանը խորհուրդ է տալիս մի թեյի գդալ մեղրը բացել մեկ բաժակ ջրում եւ քնելուց առաջ խմել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.02.2015