Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը կընդլայնի իր գործունեությունը». կենտրոնի տնօրեն

Փետրվար 11,2015 21:30

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից 2014 թվականին հիմնադրված Սոցիալական ծառայության կենտրոնը 80 միլիոն դրամի ֆինանսական և իրային աջակցություն է ցուցաբերել կարիքավորներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականի ընթացքում Մայր Աթոռը 1.5 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

«Ամանորի ու Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ դեռևս 2013 թվականի դեկտեմբերի վերջերին, Վեհափառը 5 միլիոն դրամ է հատկացրել սիրիահայ առավել անապահով 50 ընտանիքների:

Արարատյան Հայրապետական թեմի հետ կենտրոնն իրականացրել է «Մենք մեր զինվորների կողքին ենք» ծրագիրը` 50 միլիոն դրամ ընդհանուր գումարով: Հիշյալ գումարը բաշխվել է վերջին 10 տարիների ընթացքում թեմի տարածքից զոհված, հաշմանդամ, միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Տեր Իսահակ վարդապետի տեղեկացմամբ՝ «Աջակցություն կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերին միանվագ օգնություն է ցուցաբերվել Հայաստանում ապաստանած ավելի քան 150 սիրիահայ ընտանիքի, ինչպես նաև մարզերի մոտ 70 առավել անապահով ու բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի:

Բացի դրամական աջակցությունից, Մայր Աթոռի երիտասարդ միաբանների և Քարոզչական կենտրոնի երիտասարդների ջանքերով կազմակերպվել են բազմաթիվ այցելություններ կարիքավոր բազմանդամ ընտանիքների: Այցերն ուղեկցվել են աղոթքով ու նվիրատվություններով:

Գալով 2015-ի ծրագրերին՝ Իսահակ վարդապետ Պողոսյանն ասաց, որ ընթացիկ տարում կենտրոնը պատրաստվում է առավել ընդլայնել իր գործունեությունը: «Նախատեսվում է երիտասարդների ավելի մեծ ներգրավվածություն, խնամատարություն, հոգևոր-բարոյական աջակցություն, համագործակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ տարին մեկնարկել է «Պարգևենք ուրախ ձմեռ» միջոցառմամբ, որի շրջանակներում նախատեսված են այցելություններ հիվանդանոցներ, մանկատներ, կլինեն նվիրատվություններ, օրհնության կարգ և այլն»,- հայտնեց Իսահակ վարդապետը:

Նրա խոսքով՝ այս տարի աջակցություն կցուցաբերվի նաև 2014-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728