Արվեստագետ Սահակ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում մտահոգություն էր հայտնել Վենետիկի Բիենալեին՝ Հայաստանի մասնակցության վերաբերյալ:
Մանրամասների համար կապվեցինք ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի նորանշանակ տեղակալ Արմինե Ղազարյանի հետ:
Ժամանակակից արվեստի վարչությունը դեռեւս պետ չունի, եւ ամանորի շեմին նախկին պետն ու տեղակալը ազատվել էին աշխատանքից: Փոխարենը գնալով աճում է նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդականների թիվը: Նորանշանակ խորհրդականների թվում է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի որդին՝ Գրիգոր Ոսկանյանը:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանից, ի թիվս Բիենալեին վերաբերող այլ հարցերի, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ընտրվել Բիենալեի կուրատորը, ի՞նչ կապ ունեն ընտրված արվեստագետները Հայաստանի Հանրապետության հետ, ի՞նչ է նշանակում Բիենալի Armenity ասված կոնցեպտը, որքա՞ն պետական միջոցներ են տրամադրվել, ինչո՞ւ է ընտրվել Սուրբ Ղազար կղզու ցուցասրահը, արդյոք կանոնադրական խախտում չէ, որ Սարգիս Զաբունյանը հնարավոր է ներկայացնի ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը:
Կարդացեք նաև
«Ո՞ր բիենալեն նկատի ունեք՝ 2014 թվականի՞»,-զարմանքով հարցրեց Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալը:
2015 թ. Վենետիկի բիենալեն՝ շեշտեցինք մենք, անհարմար զգալով հավելել, որ Բիենալեն տեղի է ունենում երկու տարին մեկ, ու բառն էլ հենց հուշում է դա:
Արմինե Ղազարյանը նշեց, որ իր տեղեկություններով, դեռ պարզ չէ, թե որքան գումար է տրամադրված այդ նպատակի համար, նաեւ ասաց, որ բոլոր հարցերը նախարարության քննարկման փուլում են:
Նա մի անգամ էլ զարմացավ, թե ինչո՞ւ ենք զանգել Ժամանակակից արվեստի վարչություն: Ասացինք, որ Վենետիկի Բիենալեն ժամանակակից արվեստի Բիենալե է:
Ամեն դեպքում, մեր հարցերն անպատասխան մնացին: Այսօր երեկոյան վարչության պետի տեղակալը հեռախոս չվերցրեց, որպեսզի հավելյալ մեկնաբանություն ստանայինք, թեեւ խոստացել էր ինչ-ինչ ճշտումներ անել:
Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ Բիենալեն կանցկացվի մայիսի 9-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում: Միջոցառման խորագիրն է՝ «Աշխարհի բոլոր ճակատագրերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ