Հայ առաքելական եկեղեցուն պատկանող երեք հաշվեհամար գոյություն ունի: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև՝ Գարեգին Բ-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը՝ ընդգծելով, որ դեռևս Վազգեն Վեհափառի օրոք է այդպիսի հաշվեհամար եղել ու այսօր էլ կա: «Այն ժամանակվա բանկային օրենքներով չէր կարող եղած գումարը գրանցվել եկեղեցու անունով: Հաշվեհամարն ուղղակի գրանցվել է եկեղեցու գլխի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անունով: Եղել է նաև երաշխավոր անձ, որ եթե Վազգեն Ա-ն վախճանվի, հնարավոր լինի փոխանցել հաջորդ կաթողիկոսին: Այդ անձը Շիրակի թեմի նախկին առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանն է, որը Վազգեն Ա-ի մահվանից հետո բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերով իրավահաջորդ է ներկայացրել բանկին Գարեգին Ա-ին: Գարեգին Ա-ի մահվանից հետո էլ փոխանցվել է Գարեգին Բ-ին»,- տեղեկացրեց Տեր Վահրամը:
Իսկ այն հաշվեհամարը, որի շուրջ օրերս խոսակցություններ տարածվեցին, Վեհափառի մամուլի խոսնակի հավաստմամբ, բացվել է Գարեգին Ա-ի օրոք՝ անհատ բարերարի կողմից, և կաթողիկոսի մահից հետո, ինչպես որ հարկն է, անվանափոխվել է իրավահաջորդ ընտրված կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի անունով:
Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ օրերս հրապարակած մի փաստաթղթի համաձայն՝ 2006-2007 թվականներին HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում «Գարեգին Երկրորդ Ներսես» անվամբ անձնական հաշիվ է գործել, որի վրա 1 միլիոն 100 հազար դոլար գումար կա:
Կարդացեք նաև
«Այդ գումարից 1 միլիոնն անձեռնմխելի է, իսկ 100 հազարը շահույթն է, որ գոյացել է այդ գումարից»,- ասաց Տեր Վահրամը՝ նկատելով, որ այդ անձեռնմխելի գումարը երբևէ չի կարող օգտագործվել որևէ նպատակով: Միայն շահույթն է ինչ-որ պարբերականությամբ օգտագործվում Մայր Աթոռի կողմից. «Դա անձնական հաշիվ չէ,- շեշտեց Տեր Վահրամը,- պարզապես, հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը, այս դեպքում՝ Գարեգին Բ-ն: Հստակ տեղեկացնեմ, որ հաշվեհամարների տնօրինումը կատարվում է կաթողիկոսի ստորագրությամբ և հաշվեհամարի վրա կարգված հոգաբարձուների գիտությամբ»:
Իսկ երրորդ հաշվեհամարը, Վեհափառի մամուլի խոսնակի փոխանցմամբ, բացվել է արդեն Գարեգին Բ կաթողիկոսի օրոք, երբ վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամներ Սուրբ Էջմիածնի» հիմնադրամը, որը գործում է, և տարբեր բարերարներ ու այլ անհատներ իրենց նվիրատվություններն են կատարում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ