Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը տարածքային պահանջատիրության դեմ է խոսել»

Փետրվար 11,2015 18:23

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ  «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել:

«Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն է: Այո՛, ցեղասպանության պահանջով պետք էր դիմել նաեւ Թուրքիային, որովհետեւ հարցի մյուս երեսն էլ կա, մեզ ասում են՝ իսկ դուք մեզ դիմե՞լ եք ճանաչելու համար, եթե չեք դիմել ինչո՞ւ պետք է ճանաչենք»,- Aravot.am-ին ասաց Արա Պապյանը՝ անդրադառնալով 1-ին նախագահի քննադատությանը, թե չպետք էր հռչակագրում նման պահանջ նշել:

«Նախագահն ասում ՝ ցեղասպանությունը կճանաչվի նրանից հետո, երբ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք ու հարցեր չդնենք: Դե կներեք էլի, ինչի՞ս է պետք ցեղասպանության ճանաչումը, եթե ամեն ինչից պետք է հրաժարվեմ: Ցեղասպանության ճանաչումը մշտապես ընկալվել է մյուս բոլոր պահանջների առաջին փուլը, բնականաբար, եթե Թուրքիային վաղը ասեմ՝ քեզնից ոչ մի պահանջ չունեմ՝ ոչ նյութական, ոչ տարածքային, ոչ էլ՝ բարոյական, միայն թե ճանաչիր ցեղասպանությունը, նա հաճույքով հենց վաղն էլ կճանաչի»,-շարունակեց պարոն Պապյանը:

Նա համամիտ չէ նաեւ Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե հարկ չկար շնորհակալություն հայտնել ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետություններին. «Երբ նույնիսկ դիմացինդ կոնվենցիաներով պարտավորություն է կատարում, շնորհակալություն հայտնելը  սխալ բան չէ: Շնորհակալություն հայտնելը չի կարող նվաստացնել հայ ժողովրդին: Պետք  է հաշվի առնել, որ այս երկրները ճանաչելով՝ խիզախություն են ունեցել, որովհետեւ շատ հաճախ վնասել են իրենց հարաբերությունները, տնտեսական շահերը Թուրքիայի հետ, հեշտ չի եղել:

Տեր Պետրոսյանն ասում է, եթե կոչ ենք անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, հարվածում է մեր արժանապատվությանը եւ ամենեւին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Է, երբ որ մյուս երկրներն էին ճանաչում կամ Թուրքիային կոչ անում ճանաչել հայոց ցեղասպանությունը, չէի՞ն վնասում իրենց հարաբերությունները»:

Արա Պապյանի համոզմամբ, հայոց ցեղասպանության  հարցում թուրք իշխանություններին հակադրվող Թուրքիայի քաղաքացիներին զորակցություն հայտնելու մասին հռչակագրում տեղ գտած նշումն էլ լավ գաղափար է. «Թուրքիան այդ մարդկանց նկատմամբ իր  քաղաքականությունը իրականացնում է՝  ելնելով Արեւմուտքի հետ ունեցած հարաբերություններից: Թուրքիան կարո՞ղ է սրանց պատժել առանց մեծ գլխացավանքի, մտածել, որ պատճառ ու պատրվակ ենք դառնում մեր զորակցությամբ, սխալ է: Այդ մարդիկ զորակցության կարիք ունեն, տարիներով բանտերում են եղել: Միգուցե այդ մարդիկ էլ ասեն՝ այդ ինչպե՞ս է, որ շնորհակալություն եք հայտնում այն պետություններին, որոնք ճանաչեցին, իսկ մեզ, որ վտանգում ենք մեր առօրյան, կես բերան համակրանք ու զորակցություն չեք արտահայտում: Այնպես որ այս առումով 1-ին նախագահի քննադատությունը տեղին չէր»:

Մեր զրուցակիցը հռչակագիրը համարում է կես քայլ առաջընթաց ու կարեւորում է հատկապես այնտեղ տեղ գտած մեր իրավունքների հիշատակումը՝ հիմնավորված համապատասխան փաստաթղերի հիշատակմամբ. «Միգուցե, եթե ինձ հարցնեին, ես  անհատական, համայնքային ազգային իրավունքների հաստատման դրույթի փոխարեն կգրեի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնում, որովհետեւ Թուրքիան օկուպացրել է մեր տարածքները: Բայց պետք է հաշվի առնել, որ այս փաստաթուղթը կոմպրոմիսային փաստաթուղթ է: Սա առաջինն է, որը դե յուրե համայն հայության անունից հանդես եկող մարմին չէ, բայց դե ֆակտո բավականին ներկայացուցչական է»:

Մեր հարցին՝ ուշացած չէ՞, ասաց. «Կարելի էր ավելի վաղուց ունենալ, բայց չմոռանանք, որ հարյուրամյակը լավ առիթ է: Հռչակագիրը կմղի արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորանալու եւ հասկանալու՝ ինչ է մեր պահանջը: Առ  այսօր աշխարհին թվացել է, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին է թվում, մեր երազանքը ցեղասպանության ճանաչումն է: Չէ, դա մեր երազանքը չէ, ցեղասպանության ճանաչումը մի փոքր քայլ է մեծ ճանապարհի մեջ: Իսկ հիմա՝ շնորհիվ այս փաստաթղթի, աշխարհը կսկսի խորանալ մանրամասների մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728