IndieGoGo համաֆինանսավորման կայքում միջոցներ են հավաքվում Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ սառցի և հրո» վիպաշարի առաջին հատորը՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար։ Արշավը մեկնարկել է փետրվարի 9-ին, և դեռ 59 օր շարունակ ցանկացողները կարող են օգնել նախաձեռնությանը։ Այս պահի դրությամբ հավաքվել է անհրաժեշտ 2500 դոլարից 170-ը։
«Մենք ուզում ենք գիրքը կարդալ հայերեն: Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն էլ կարդան: Թարգմանիչ կա: Բայց գրքի (գրքերի) ծավալը մեծ է, շատ մեծ: Ամեն մի հատորը ամիսների աշխատանք է ենթադրում: Գործը պետք է ֆինանսավորել, ինչի համար էլ բացել ենք այս դրամահավաքը»,-նշում են նախաձեռնության հեղինակները IndieGoGo կայքում:
itTREND.am-ի հետ զրույցում վիպաշարի թարգմանչուհի Լիլիթ Հակոբյանը ասաց, որ թարգմանության նյութը ներառում է մոտ 1000 էջ, և եթե անհրաժեշտ գումարը չհավաքվի, շատ դժվար կլինի ավարտին հասցնել աշխատանքը։ «Բավական հետաքրքիր է թարգմանել ֆենթեզի ժանրի այս գիրքը, երբեմն պատահում են նույնիսկ հորինված բառեր»,-նշեց թարգմանչուհին։
Եթե թարգմանությունն իրականացվի, վիպաշարի տպագրությունն ու վաճառքը կազմակերպելը, ըստ Հակոբյանի, կախված է ֆինանսավորումից։ Թարգմանության և դրամահավաքի նախաձեռնող Զորիկ Գալստյանը նշեց, որ տերմինների ու անունների տառադարձումների թիմը պատրաստ է լսել ու հաշվի նստել առաջարկների հետ։
Նշենք, որ առայժմ գիրքը հասանելի է միայն անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով: Համաֆինանսավորման մասնակիցները դրամահավաքի հաջող ընթացքի դեպքում հնարավորություն կունենան կարդալու սիրելի գիրքը մայրենիով՝ որակյալ թարգմանությամբ: Facebook-ում ստեղծվել է նաև նախաձեռնությանը նվիրված էջ, որտեղ պարբերաբար կարող եք հետևել նորություններին։