«Ցավոք, ՀՀ իշխանությունները պատշաճ կամք չեն դրսևորել այդ խնդիրերի լուծման ուղղությամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վկայակոչելով այն, որ ՀՀ-ն չի կատարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կետերի իրագործման երեք հանձնարարականները, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա որպես օրինակ հիշեցրեց այն, որ ՀՔԾ-ն մերժել է իրենց առաջարկը, թե անհրաժեշտ է հարցաքննել նաև այն պաշտոնյաներին, որոնք անձամբ հրաման տվող էին մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա շեշտեց. «Հանձնարարականների հետևողական չկատարումը հանգեցնում է ամենաթողության»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց ՀՀ-ում խաղաղ հավաքների կազմակերպման հարցում խոչընդոտների վերաբերյալ` օրինակ բերելով այն, որ Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում նաև իրեն:
Այնուհետև ասաց. «ՄԱԿ-ի ՀԴՊ-ն Հայաստանի և հայ իրավապաշտպանների համար մարդու իրավունքների ոլորտում հաջողությունների հասնելու հարցում լավ հնարավորություն է: Սակայն մտահոգիչ է, որ խաղաղ հավաքների և երթերի անցկացման մասին դրույթը ՀՀ-ի նոր հանձնարարականներում չկա: Դա մտահոգիչ է, քանի որ Հայաստանում, չնայած կա համապատասխան օրենք, բայց խաղաղ հավաքների մասով ոչ թե օրենքն է գործում, այլ քաղաքական կամքը, բացասական իմաստով»:
Իրավապաշտպանը հիշեցրեց ՀՀ-ի` խոշտանգումների կանխարգելման մասով պարտավորությունները ու նշեց. «Եթե հանձնարարականները մի դեպքում խորհրդատվական բնույթ ունեն, ապա կան հանձնարարականներ, որ պարտադիր են կատարման: Ամենամարդասիրական հարցն է խոշտանգումների հարցը, երբ մարդկանց համատարած ինչ կերպ են խոշտանգում ու ծեծում, և ոստիկանապետը մեծ-մեծ խոսում է ոստիկանությունում բարեփոխումների մասին»:
Կարդացեք նաև
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մտահոգություն հայտնեց ազատ և անկախ մամուլի հետ կապված սահմանափակումների մասին: Այնուհետև նշեց. «Հունվարի 22-ին ՄԱԿ ՀՊԴ-ում Հայաստանի ազգային զեկույցի քննարկման ժամանակ պետությունների կողմից տրված հանձնարարականները համահունչ էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգություններին: Այդ հանձնարարականները ընդունելուց բացի, պետք է լուրջ աշխատանք կատարել դրանց իրականացման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ջատագովը լինի այդ հանձնարարականների կատարման: Կան եղանակներ և միջոցներ դրանք կատարելու, և չկա ժամանակ դրանք այլևս չկատարելու»:
Տիկին Մինասյանը նաև այսպիսի մտահոգություն հայտնեց. «Այդ հանձնարարականների չկատարումով արժեզրկվում են արդարություն, արդարադատություն, մասնակցություն գաղափարները: Այդ որակները կորցնելը հիմնարար են, դրանք սոցիում ու երկիր կառուցող են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ