Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն չի կատարել միջազգային որոշ պարտավորություններ

Փետրվար 11,2015 16:38

«Հայաստանը չի կատարել երեք առաջնային հանձնարարականները` տրված ՀՀ կառավարությանը կապված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կետերի իրագործման հետ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն:

Մանրամասնելով` նա նշեց, թե որոնք էին այդ առաջնային հանձնարարականները. «Դրանցից մեկը վերաբերում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների անպատժելիությանը, ավելի ընդհանուր գծերով` ոստիկանության և իրավապահների կողմից չափազանց մեծ ուժի կիրառմանը: Մյուսը`խոշտանգումների դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման անկախ համակարգի ստեղծելու հարցն է, և երրորդ, հանձնարարականը վերաբերում է դատական համակարգի անկախությանը»:

Պարո Պլոտոնը որպես դրական քայլ նշեց, որ ՀՀ-ն վավերացրել է մարդու իրավունքներին առնչվող միջազգային հիմնական համաձայնագրերի մեծ մասը: Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին տեղեկացրեց, որ ՀՀ-ն մեկ տարի ժամանակ ուներ այդ երեք հանձնարարականների վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար ու շեշտեց. «Մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակներում ՀՀ-ն բազում այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնց բովանդակության վերաբերյալ պետք է պարզաբանումներ ներկայացվեն: Օրինակ` Հայաստանը պետք է ապահովի, որ խտրականության հայաստանյան սահմանման մեջ ընդգրկվի քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրով նախատեսված բոլոր դրույթները: Բացի այդ Հայաստանը պետք է ընդունի ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրություն: Պետք է ապահովի Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահվան դեպքերի բողոքների բաց և ազատ քննություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728