Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ի հերթական մտահոգիչ զեկույցը`ՀՀ քրեակատարողական հիմնարկների մասին

Փետրվար 11,2015 16:13

Եվրոպայի խորհուրդն այսօր Ստրասբուրգում հրապարակել է անդամ երկրների քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ վիճակագրության տարեկան հաշվետվությունը (հեղինակներ` Մարսելո Ֆ. Աեբի, Նատալիա Դելգրանդե):

Համաձայն 2013-ի դրությամբ կատարված հաշվետվության`քրեակատարողական հիմնարկներին մեկ դատապարտյալի համար հատկացվող գումարի չափը բոլոր երկրներում նվազել է տնտեսական ճգնաժամի պատճառով:

Հաշվետվության մեջ մտահոգություն կա այն մասին, որ այս փաստը բացասական ազդեցություն կունենա դատապարտյալների կենսական պայմանների վրա: Համաձայն վիճակագրության` ի տարբերություն ֆինանսավորման` քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների թիվը 2.7 տոկոսով աճել է: Միևնույն ժամանակ աճել է հսկողության, հատուկ խնամքի տակ գտնվող դատապարտյալների թիվը:

Կտրուկ աճել է նաև քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թիվը: Օրինակ` եթե 2010-ին 10.000 դատապարտյալից 25-ը մահանում էր, 2012-ին այդ թիվը հասել է 28-ի: Ինքնասպանությունների թիվը ևս կտրուկ աճել է: 2012-ին ինքնասպանությունները 10.000 մարդու կտրվածքով կազմում են 11.2 տոկոս, իսկ մինչդեռ 2010-ին կազմում էին 5.4 տոկոս:

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներին: ԵԽ փորձագիտական խմբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2013-ի դրությամբ ՀՀ-ում նկատվում է կալանքի տակ գտնվող անձանց թվի աճ, իսկ մեկ դատապարտյալին տրամադրվող ֆինանսավորումն ամենացածր է ԵԽ անդամ երկրների հետ համեմատած: ՀՀ-ում դատապարտյալների թիվը 2013-ի դրությամբ կազմում է 4698, այսինքն` 100.000 բնակչից 155-ը դատապարտյալ է: Դատապարտյալներից 27-ը անչափահասներ են:

Համաձայն զեկույցի` ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը 7.8 տոկոսով աճել է 2012-ի դրությամբ, այժմ` Հայաստանը այն երկրների թոփ տասնյակում է, որտեղ 5 տոկոսից ավելի աճ է գրանցվել: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կանանց տոկոսային հարաբերակցությունը 4.7 տոկոս է, որը ԵԽ երկրների հետ համեմատության մեջ միջին ցուցանիշ է: Նրանց 70 տոկոսը 3-10 տարվա ազատազրկման են դատապարտված, ինչը մոտ երկու անգամ բարձր է, քան ԵԽ միջին ցուցանիշները: Այս ցուցիչով Հայաստանին գերազանցում է միայն Ադրբեջանը` գրանցելով 78 տոկոս: ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերը մոտ երկու անգամ շատ են, քան եվրոպական միջինն է: 10.000 բանտարկյալներից 60-ը մահանում է, ավելին, նրանցից 6-ը դիմել է ինքնասպանության: Համաձայն ԵԽ հրապարակած զեկույցի` մեկ դատապարտյալի համար հատկացվող գումարի չափը ՀՀ-ում 2013-ի դրությամբ 6.65 եվրո էր, որը ամենացածր ցուցանիշներից է և համեմատելի է միայն Խորվաթիայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Այն 15 անգամ ավելի քիչ է, քան միջին եվրոպական ցուցանիշը` 98 եվրո:

Զեկույցում հիշատակված է, որ ամենաքիչ ֆինանսավորում դատապարտյալների համար տրամադրվում է ՌԴ-ում և Հունաստանում. ՌԴ-ում մեկ դատապարտյալի համար օրական 2 եվրո, Հունաստանում` 3:

Զեկույցում նաև նշված է, որ ԼՂՀ-ի վերաբերյալ տեղեկություններ հասանելի չեն եղել:

Նշենք, որ ԵԽ-ն ևս մեկ զեկույց էր հրապարակել, մասնավորապես Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Հայաստանի մասին զեկույցը,  որը հիմնված է հանձնաժողովի պատվիրակության անդամների` 2013-2014 թվականների ՀՀ այցելությունների արդյունքների վրա և որտեղ ևս մտահոգություն էր հայտնվում: Aravot.am-ը փորձել էր այս մասին պարզաբանումներ ստանալ ՀՀ արդարադատության նախարարությունից, սակայն մինչև այժմ պատասխան չի ստացվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728