Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան վկային հարցրեցին՝ ուղղորդե՞լ են ձեզ, պատասխանեց՝ անձնական հարց է

Փետրվար 11,2015 16:08

Անցյալ տարվա հունիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների գործով այսօր դատարան ներկայացած ոստիկանության նախկին աշխատակից, ներկայումս Վերնիսաժում շների վաճառքով զբաղվող Արկադի Բաղդասարյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը մեկը մյուսից տարբեր էր: Հրապարակվեցին նաեւ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հետ ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, ինչպես նաեւ երկու այլ վկաների հետ առերեսման արձանագրությունները:

Վկան լրացուցիչ հարցաքննության ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ են նրա ցուցմունքներում հակասություններ եղել, պատասխանել էր, որ նախ ճանաչման ժամանակ չի պարզաբանվել իր իրավունքները եւ պարտականությունները (չնայած նշվեց, որ նա ճանաչման է ներկայացել փաստաբանի հետ), ապա ասել էր, որ իմացել է, որ Վերնիսաժի ծեծկռտուքին մասնակցել են ախալքալաքցիները, որոնցից մեկը օրենքով գող է ուզում դառնալ: Խոսքը վերաբերում էր ամբաստանյալ Ներսես Մելքոնյանին:

Այս վկան մի քանի ցուցմունքներում ասել էր, որ Վերնիսաժում 3 անձի է տեսել, որոնցից երկուսը հարվածում էին մեկին ձեռքերով, հարվածում էին դեմքին, մարմնի տարբեր մասերին, հայհոյում էին:

Առաջին ցուցմունքի ժամանակ վկան ասել էր, որ Վալերի Հարությունյանը եւ Ներսես Մելքոնյանը սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս Գոռ Առաքելյանի ուղղությամբ, իսկ Գոռ Առաքելյանն էլ ասել էր՝ կնոջս եւ երեխուս մոտ հայհոյում եք, այ…:

Երկրորդ ցուցմունքի ժամանակ վկան հայտնել էր պարզապես հայհոյանքների մասին, իսկ Գոռը, որ այդ պահին եղել է կնոջ եւ երեխայի հետ, ոչինչ չէր ասել:

Ըստ մի ցուցմունքի՝ վկան տեսել էր, թե ոնց է Գոռը լիցքավորել ատրճանակը, ձախ ձեռքով բացել սպիտակ X-6 ավտոմեքենայի դուռը, որի մեջ եղել է Վալերի Հարությունյանը եւ կրակել նրա ոտքերի ուղղությամբ: Մի դեպքում պնդել էր, որ տեսել է պատահական մարդու վրա կրակելը, մի դեպքում էլ այս վկան հակառակն էր պնդել:

Ի դեպ, նա ասաց, որ իրեն ոստիկանություն կանչել են առան ծանուցագրի, զանգելով, իսկ երբ հնչեց Վալերի Հարությունյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի հարցը՝ ձեզ ուղղորդե՞լ են, վկան ասաց, թե չի պատասխանի, որ դա անձնական հարց է:

Այս վկան հասցրեց ասել, որ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են դեպքի որոշ տվյալներ եւ հավանաբար իր ցուցմունքներում որոշ տվյալներ, որոշ հանգամանքներ նշվել են հենց այդ քննարկումներից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միհրան Պողոսյան says:

    Մեկ դիտարկում կապված 2–րդ պարբերության մեջ առկա «չնայած նշվեց, որ նա ճանաչման է ներկայացել փաստաբանի հետ» գրառման հետ։ Վկան փաստաբանի հետ չի ներկայացել ճանաչման, փաստաբանի օգնությանը վկան դիմել է ճանաչումից հետո և առաջին անգամ սույն գործով վկան նախաքննության մարմնին ներկայացել է ճանաչումից հետո` լրացուցիչ հարցաքննության։ Ընդ որում, ըստ վկայի ցուցմունքի ճանաչում իրականացնելուց հետո վկայի նկատմամբ սկսվել են իրավապահ մարմինների կողմից ճնշումները, ինչի պատճառով էլ վերջինս դիմել է փաստաբանի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728