Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչից մեծ աղմուկ է բարձրացել». Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ բարձրացված «սկանդալի» մասին

Փետրվար 11,2015 15:12

Ոչնչից մեծ աղմուկ է բարձրացել. այսպիսի բնորոշում են տալիս «Հայելի» մամուլի ակումբի բանախոսները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ բարձրացված աղմուկին:

«Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը կարծում է, որ ոչ մի արտառոց բան չկա. «Հատկապես որ եղավ բացատրություն, որ Վազգեն Առաջին կաթողիկոսն ուներ այդպիսի հաշվեհամար, այնուհետեւ Գարեգին Առաջին կաթողիկոսն է ունեցել նման հաշվեհամար, այնուհետեւ Գարեգին երկրորդն ունի այդպիսի հաշվեհամար: Ես կուզեի, որ այնտեղ ոչ թե մեկ միլիոն լիներ, այլ մեկ միլիարդ, որովհետեւ ինձ համար շատ էական է, թե այդ գումարն ինչ ուղղություններով է ծախսվել՝ բարի՞ք է բերել մեր ժողովրդին, թե՞՝ ոչ»,- ասում է նա, եւ ավելացնում, որ իր համար, որպես հայ մարդ, որպես քրիստոնյա, վիրավորական է, որ այդ հարցը այսպես հրապարակայնություն եւ հասարակական հնչեղություն ստացավ:

«Բոլորս էլ եթե հասուն մարդիկ ենք, ծանոթ ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր եկեղեցու պատմությանը, գիտենք, որ մեր եկեղեցին կուսակրոնական հիմունքներ ունի, եւ այս առումով՝ եկեղեցու ցանկացած սպասավոր՝ վարդապետից մինչեւ վեհափառ հայրապետը, որեւէ ժառանգականության իրավունք չունեն, նրանք կուսակրոն են, եւ նրանց ամբողջ ունեցվածքը պատկանում է եկեղեցուն: Նրանք որեւէ բան իրենց հետ չեն տանում, իսկ վեհափառ հայրապետը, որքան ես գիտեմ, եկեղեցու կանոնադրության հիման վրա, տնօրինում է իր ունեցվածքը եւ տրամադրում տարբեր բարեգործական, եկեղեցաշինական ծախսերի, այլ բան, եթե մենք ունենանք փաստ, որ այդ ծախսումները եղել են ոչ տեղին, որ այդ ծախսումները եղել են ինչ-որ ինքնանպատակ, ինչ-որ անձնօգուտ, ինչ-որ այլ շահախնդիր ուղղություններով»,- ասում է պարոն Մինասյանը:

Բանախոսներից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանն էլ տվեց կատարվածի իրավաբանական գնահատականը: Նա նշեց, որ հաշվեհամարը գաղտնի չէր, դրա մասին գիտեին այն մարդիկ, ում հետաքրքրում էր այդ փաստը. «Շատերն ասում են այն մասին, որ գաղտնազերծվեց ոչ միայն հաշվեհամար, այլ մի այնպիսի հաշվի համար, կամ այնպիսի հաշվեհամարներ, որոնց հաճախորդները, հիմքեր կան ենթադրելու, որ չարամտորեն խուսափում են հարկերից կամ այս կամ այն կերպ առնչվում են հանցավոր գործարքների հետ,- ասում է պարոն Դանիելյանը, ավելացնում, որ հայտնի է՝ եկեղեցին ազատված է հարկերից եւ բնականաբար այստեղ հարկերից խուսափելու խնդիր չկար:

«Կարո՞ղ է այս գործարքը համարվել կասկածելի. բնականաբար կարող է, եթե ինչ-որ մեկը ծանոթ չէ երկրի օրենսդրությանը, տեսնում է, որ չկա շարժ, այդ թվում՝ պահումներ, կարող է կասկածել: Դուք կարող է հարցնեք ինչու՞ մի ժամանակ այդ հարցը չի բարձրացվել. որովհետեւ դրանք ժամանակին քննարկվել են, քննվել,- ասում է պարոն Դանիելյանը, ավելացնում,-Կա նաեւ հարցադրում, թե ինչի՞ է անձի համար բացվել, եւ ոչ թե կազմակերպության: Նախ ասեմ, որ կազմակերպության անունից եւս կան բացված հաշվեհամարներ, բայց դրանք իսկապես բանկային գաղտնիք են»:

 

Պարոն Դանիելյանը նշում է, որ այստեղ կարող է բարձրացվել մեկ հարց , թե այդ գումարները ինչ նպատակներով են օգտագործում: Նա ասում է, որ չնայած, որ շատերին թվում է, որ արտառոց է, որ հոգեւորականը նման հաշվեհամարներ պահի, սակայն դա տարածված պրակտիկա է:

Իրավաբանը նաեւ տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու է հաշվեհամարը շվեյցարական բանկում պահվել. «Հաշվեհամարը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Հայաստանը չուներ ձեւավորված կայուն բանկային համակարգ: Խոսքը մի այնպիսի բանկի մասին է, որի նկատմամբ պետք է որոշակի վստահություն ունենան նաեւ այն անձինք, որոնք փոխանցումներ են կատարում, իսկ դրանք հիմնականում սփյուռքահայեր են, որոնք այս շրջանում չէին կարող վստահել այս բանկերին»:

Պարոն Դանիելյանը նկատեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի բանկային հաշվի այս պատմությունը առաջացել է թուրքական մամուլում՝ պատահական չհամարելով դա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    տարրական հաշվետվությամբ, այս «աղմուկը» վերջ է գտնելու…

    ո՞ր տեղից են եկել այդ հաշվում մուտք գործած գումարները,
    եւ ո՞ւր են գնացել այդ հաշվից դուրս եկած գումարները…

    հետշ ու պարզ բացայայտումներ

    սակայն չենք տեսնում որեւէ այդպիսի հաշվետվություն…
    հետեւաբար, երեւոյթը մնում է գայթակղեցուցիչ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728