Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Մաքսային միությանը միանալու որոշումը չի նշանակում ԵՄ հետ քաղաքական երկխոսության դադարեցում

Փետրվար 11,2015 14:53

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական հարաբերություններն ավելի կզարգանան եւ կխորանան: Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը դրա վկայությունն է:

Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանատան բացման կապակցությամբ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կնպաստի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մարդկային շփումների ակտիվացմանը: Խոսելով միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Այս առումով պետք է նշեմ, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից»:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում. Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից, իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է:

 

Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Համագործակցության առումով դեսպանը կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտը, որը նախորդ տարի թեւակոխել է նոր ու առավել արդյունավետ փուլ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728