Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժի կրակոցների գործով վկային թվացել էր, թե «սալյուտ» է

Փետրվար 11,2015 14:38

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գոռ Առաքելյանի (Յուվեցի Կարոյի փեսայի՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի), Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Դատարան են այսօր ներկայացել վկաներ, որոնք մասնավորապես ցուցմունք տվեցին անցյալ տարվա հունիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների մասին: Վկա Նորիկ Սարգսյանը, որը գործիքներ եւ պահեստամասեր է վաճառում Վերնիսաժում, ասաց, որ «առեւտուր էինք անում, մենք բան չէինք տեսնում, կրակում էին, մենք էլ պախկվել էինք, երկու մեքենա կային՝ սեւ եւ սպիտակ, մեկը խանգարում էր մուտքը»: Այս կցկտուր ցուցմունքն ավարտելուց հետո հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ նա գտնվել է տարածքում, ինքը կրակոցների ձայն է լսել եւ իրեն թվացել է, թե սալյուտ է: Ըստ նրա՝ բոլորը պատմել են, թե դեպք է կատարվել: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասել: 4-5 կրակոց է լսել:

Երբ հրապարակվեց վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, պարզվեց նաեւ այն պատճառը, թե ինչի հետ է կապված եղել այդ վեճը՝ ավտոմեքենայի՝ մեկ այլ մեքենայի մուտքը փակելու հետ կապված:

Վկաներից Արկադի Բաղդասարյանը, որը նախկինում ոստիկան է եղել, դատարան էր ներկայացել փաստաբանի՝ Միհրան Պողոսյանի հետ: Նա ասաց, որ նշված օրը եղել է Վերնիսաժում, զբաղվել է առեւտրով, ժամը 13-ի կողմը լսել է ձայներ: Ըստ նրա՝ Վալերիկը եւ Ներսեսը ծեծում եւ հայհոյում էին Գոռին, իսկ Գոռը ավելի շուտ պաշտպանվում էր: Այս վկան տեսել էր, որ Ներսեսը եւ Վալերիկը վազել են դեպի X-6 մեքենան, Ներսեսը կիսով չափ մտել էր մեքենան, այնտեղից ինչ-որ բան վերցրել: Ըստ վկայի՝ նրանք կրակել էին Գոռի ուղղությամբ, իսկ Գոռը փախել-մտել էր Վերնիսաժ, Ներսեսն էլ ասել էր՝ «փամփուշտները պրծավ, հեսա կսատկացնեմ»:

Vernisaj_001Վալերի Հարությունյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանին հետաքրքրեց, թե որպես ոստիկանության նախկին աշխատակից, արդյո՞ք փորձ է արել միջամտել, ակնարկելով նաեւ նրա կազմվածքը, վկան ասաց, որ հնարավոր չէր: Ապա պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է, որ տվել է մի ցուցմունք, որը մեկ այլ վկայի ցուցմունքին նման է, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանին հետաքրքրում էր, թե որպես նախկին ոստիկան տեղյա՞կ է, թե «Մակարով» զենքի մեջ քանի փամփուշտ կա, մանավանդ, որ այս վկան կրակոցների հետ կապված տարբեր բաներ էր հայտնում՝ մեկ 5, մեկ՝ 4 կրակոցների մասին: Դատավորին նաեւ զարմանք պատճառեց այն, որ ամբաստանյալներից երկուսը, որոնք ծեծել են Գոռին, հայհոյում էին եւ դա լսել էր վկան, իսկ Գոռից որեւէ բան չէր լսել:

Vernisaj_002Դատարանը կարճ դադար է տվել, դադարից հետո հրապարակվելու է այս վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ մեղադրողը էական հակասություններ տեսավ դատարանում տրված եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջեւ:

Vernisaj_004 Vernisaj_005 Vardui_Elbakyan

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728