Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական սահման. Տավուշ». հնարավոր է՞ ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում

Փետրվար 11,2015 14:19

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրապարակել է իր անդրանիկ զեկույցը, որը կրում է «Հայկական սահման. Տավուշ» խորագիրը: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին տեղեկագիր-զեկույց պատրաստելու շարժառիթներից մեկը Հայաստանի կառավարության ընդունած երկու օրենքներն էին՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»:

Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային աշխատանքների արդյունքում նաև, ներկայացվում է մարզի աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, ենթակառուցվածքներն ու բիզնես հնարավորությունները, դժվարություններն ու մարտահրավերները, գյուղատնտեսության և արդյունաբերության գերակա ուղղությունները, ինչպես նաև՝ Տավուշի դիմաց գտնվող Ադրբեջանի երեք շրջանների՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի մասին տեղեկատվություն: Զեկույցում ներառվել են մի քանի քարտեզներ, կառավարության ընդունած երկու օրենքների տեքստերը ամբողջությամբ, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների անցյալի մասին ուշագրավ դրվագներ:

Զեկույցը չի հավակնում պատասխանել բոլոր հարցերին, մասնավորապես՝ մեկնաբանել և պարզաբանել օրենքը: Այն նաև զուտ տնտեսական ուղղվածություն չունի: Զեկույցը առաջին հերթին ծանոթագրական է, տեղեկատվական և նկարագրական:

Զեկույցը օգտակար կլինի այն գործարարների համար, ովքեր մտադրություն ունեն գործարարությամբ զբաղվել այդ համայնքներում կամ իրենց բիզնեսի մի մասը տեղափոխել այնտեղ: Այն կօգնի քաղաքացիներին՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի լավ պատկերացնել, թե ի՞նչ ասել է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, արդյոք հնարավոր է՞ ներդրումներ կատարել բարձր ռիսկայնության գոտում, ինչպիսի դժվարությունների և մարտահրավերների պետք է առերեսվել:

Զեկույցը կարող եք կարդալ այստեղ:

«Հայկական սահման. Տավուշ» խորագիրը կրող զեկույցը կարող է թարգմանվել արևմտահայերեն  (դասական ուղղագրություն), ռուսերեն և կամ անգլերեն, ինչպես նաև՝ հրապարակվել տպագիր տարբերակով և տարածվել Հայաստանում և դրսում, եթե դրա համար ԱՆԻ կենտրոնը կարողանա հայթայթել համապատասխան ֆինանսական միջոցներ:

ԱՆԻ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728