Գորգագետ Աշխունջ Պողոսյանի տվյալներով, Արեւմտյան Հայաստանում 19-րդ դարին գորգագործական մշակույթը մեծ զարգացում է ապրել: «Կարպետ», «Ալբերտ Էլիոտ» եւ այլ գորգագործական ձեռնարկությունների ոչ միայն բաժնետերերն էին հայեր, այլեւ աշխատուժը:
Աշխունջ Պողոսյանը այսօր «տեսակետ» ակումբում պատմեց, որ եղեռնից առաջ խոշորագույն գորգագործության ձեռնարկություններից մեկը՝ «Մազպանեն», Ուրֆա քաղաքում էր գործում, մոտ 400 աշխատատեղով, այնտեղ նույնպես միայն հայեր էին աշխատում. «Այդտեղ եվրոպական պատվերներ էին կատարում, եղեռնից հետո այդ ընկերությունը Արեւմտյան Պարսկաստան է տեղափոխում իրենց ձեռնարկությունները, որովհետեւ չկար աշխատուժը»:
Նրա պատմելով՝ ձեռագործ գորգերի արտահանումը Փոքր Ասիայից 1914 թվականին թուրքական տվյալներով, միայն Իզմիրի նավահանգստից 2000 տոննա է կազմել, իսկ 1919, 1922 թվականներին գորգերի արտահանումը 924 տոննա է կազմել.«Մինչեւ 1930 թվական հասել է 1000 տոննայի»:
Գորգագետը նկատեց, որ թուրքական գորգագործության անկմանը զուգահեռ Հունաստանում այդ տարիներին գրանցվել է գորգագործական արտադրության աճ. «Աճում էր մի քանի անգամով ու պայմանավորված էր հայ գաղթականներով: Շատ հայ գաղթականներ, հասնելով Հունաստան, այնտեղ բացեցին գորգագործական ձեռնարկություններ»:
Կարդացեք նաև
Պարոն Պողոսյանը նաեւ ասաց, որ եղեռնից հետո հայերը դարձան գորգագործության ոլորտում էժան աշխատուժ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ