«Այն, ինչը տեղի ունեցավ՝ պետք չէ վերագրել արցախցուն: Արցախցին կապ չունի այն վայրենիության հետ, ինչը որ տեղի ունեցավ: Այս օրերին շատերը կփորձեն օգտագործել այս դեպքը եւ խորացնել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ սեպը, բայց հորդորս է`զերծ մնալ նման բաներից»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների ու Արցախի ոստիկանության միջեւ տեղի ունեցածին, ասաց կազմակերպության քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը:
Ապա, բանախոսը պատմեց դեպքին նախորդող ժամանակահատվածում ինչեր են կատարվել: Նա պարզաբանեց, որ դեկտեմբերի 20-21-ին հետաձգել են ավտոերթը, քանի որ իրենց հետ Արցախից են կապվել: «Բայց մինչ այդ, իրենց կողմից կառավարվող մի քանի գրչակ սկսել էին ցեխ լցնել շարժման վրա: Դա արդյունք չտվեց, փորձեցին օգտագործել մեր միջեւ եղած կապերը: Վահան Բադասյանի ներկայությամբ մեզ հետ կապվել է տեղի ոստիկանապետը եւ խնդրել`հրաժարվել ավտոերթից: Ասել եմ, որ դա հնարավոր չէ»,- պատմեց Ժիրայր Սեֆիլյանը`հավելելով, որ Արցախի ոստիկանապետը մի քանի անգամ է զանգել: «Մի պահի ասել է, որ խոսել է Բակո Սահակյանի հետ, վերջինս համաձայնել է, որ ավտոերթի փոխարեն ուղիղ եթերով իրազեկում անել: Վստահ չլինելով, որ դա կապահովի, հարգեցինք ու մեկնեցինք Արցախ`բանակցելու: Հասանք տեղ, Բակո Սահակյանն ասաց, որ այդպիսի խոստում չի տվել: Մենք հասկացանք, թե ինչ է կատարվում»,- շարունակեց բանախոսը:
Մոտ երկու ժամ Ժիրայր Սեֆիլյանն ու Էմիլ Աբրահամյանն են խոսել Բակո Սահակյանի հետ, որը փորձել է փաստարկել, թե ինչո՞ւ պետք չէ ավտոերթ անել:
Ապա Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ այդ օրը Բակո Սահակյանը մի այնպիսի խոստովանություն է արել, որ իրենք ցնցվել են ու համոզվել`ճիշտ են վարվում: Իսկ Բակո Սահակյանն, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, խոստովանել է, որ իրենք երկար տարիներ է երազում էին մտնել ԵՏՄ: «Մեզ համար շատ ցավալի էր այդպիսի միտք լսել մարդուց, որը ղեկավարում է արցախյան ճակատը, որի համար շատ մարդիկ արյուն են թափել: Իրենք խառնված էին, որ ՀՀ-ն կարողացել է մտնել ԵՏՄ, ԼՂՀ-ն չի կարողացել ու հիմա հնարքներ էին փնտրում»,- ասաց նա:
Ապա եղել է ընդլայնված հանդիպում`դատախազ, ԱԱԾ-ի պետ, փոխվարչապետ: Այս հանդիպումից Ժիրայր Սեֆիլյանն ու Էմիլ Աբրահամյանը համոզվել են, որ գործ ունեն կառավարման մի օղակի հետ, որը համարժեք կեցվածք չի դրսեւորում. «Մեր առջեւ նստած գեներալները քծնում էին Սերժ Սարգսյանին: Արթուր Աղաբեկյանը գովաբանում էր Սաշիկին, Սերժիկի Սաշիկին»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
թէ որ քեզ ել գեներալ նշանակէին, դու ել քծնող էիր լինելու… արդեն այս է երեւի քո փորի ցաւը..
Քծնողը մի՛շտ է քծնում. դա տեսակ է: