Ըստ ադրբեջանական Day.az կայքի՝ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած Արսեն Բաղդասարյանը ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
Բեհբուդովը, երեկ այցելել է գերուն նշում է, որ «Արսեն Բաղդասարյանը չի բողոքում իր գերեւարության պայմաններից: Նա խոսեց Հայաստանում ծանր կենսապայմանների մասին եւ ցանկություն հայտնեց ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն»:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեզ համար նորություն չէ, որ այդպես պետք է ներկայացնեին, քանի որ առաջին դեպքը չի»:
Պարոն Հովհաննիսյանը չբացառեց, որ իրականում Արսեն Բաղդասարյանը ցանկանում է վերադառնալ, բայց Ադրբեջանը թաքցնում է այդ հանգամանքը եւ այլ կերպ ներկայացնում իրականությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:
Ավելի ուշ իր տարածած հաղորդագրություն պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ