Բոլոր արցախցիները՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ հասարակության շրջանակներում, ափսոսանքով են վերաբերում են Բերձորում տեղի ունեցածին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա վերջերս է վերադարձել Արցախից, ծանոթ է նաեւ այնտեղ հասարակական տրամադրություններին:
«Արցախցիները տարակուսած են, ըմբռնումով չեն մոտենում իրավիճակին: Կա ափսոսանք կատարվածի նկատմամբ,- պատմում է Ալեքսանդր Մանասյանը, ավելացնում, որ մի քանի օր հետո անցավ ամեն ինչ,- Կարծես քաղաքական վրիպակ է եղել»:
Քաղաքագետն անձամբ ըմբռնումով է մոտանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթին. «Նույնիսկ խորը ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին այդ ավտոերթը, բայց ոչ համախոհությամբ»,- ասում է նա՝ հաշվի առնելով, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են բոլոր հայերին: Ավտոերթի մասնակիցներից շատերին համակրանքով է վերաբերում, կարծում է, որ նրանցից շատերն անկեղծ զգացումներով են մասնակցել ավտոերթին:
Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը շտկելու համար պետք է լուրջ քաղաքագիտական ուսումնասիրություններ, որոնց հարկը ոչ ոք չի զգում: Ինքն էլ իր կողմից առաջ է քաշում «բանաձեւեր»:
Կարդացեք նաև
Նախ` հիշեցնում է, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց «Միացում» կոչերով, սակայն աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվեց, այլ զարգացումներ եղան, եւ կոչը փոխվեց «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի: Հիմա էլ կարծում է՝ իրավիճակը կլուծվի Արցախի անկախության ճանաչման դեպքում, «Միացումը հնարավոր է միայն անկախացման դեպքում»,- ասում է նա: Նշում է, որ սխալ էր՝ Բերձոր էին գնացել «Արցախը Հայաստանի մարզ» կարգախոսով:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նաեւ նշում է՝ սխալ է Արցախը որպես քաղաքական քննարկումների վայր օգտագործելը. «Արցախը խրամատ է»,- ասում է նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ