«Փաստաթուղթը ժամանակին է գրվել համախմբելու հայ հասարակությունը»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին»: Նա գովելի համարեց այս փաստաթղթի ստեղծումը և նշեց. «Շատ մտքեր կարող են ծագել մարդկանց գլխում, և լավ է, որ իրար ծեծելու և գզվռտոցի փոխարեն՝ գան ընդհանուր համերաշխության, որ ունենք նման խնդիրներ»:
Դառնալով փաստաթղթի՝ արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած արժեքին՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Այս փաստաթուղթն ամորֆ է, պետք է այն ունենա դիվանագիտական գործառություն»:
Արման Նավասարդյանը բնական համարեց թուրքական կողմի ագրեսիվ արձագանքը, մանավանդ այն պարագայում, որ ունի այնպիսի «խամաճիկ արբանյակ» պետություն, ինչպիսին Ադրբեջանն է:
Հարցին՝ արդյոք փաստաթղթում արձանագրված դրույթները, ընդհանուր առմամբ, մեղմ չե՞ն, պարոն Նավասարդյանը հակադարձեց. «Ավելի կոպիտ թող լիներ, բայց կոպտության հետևում պետք է թնդանոթներ ունենայինք Թուրքիայի դեմ գնալու համար: Առաջին անգամ պատմության մեջ այս փաստաթղթով Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը դրվում է նման հիմքերի վրա: Եթե հիշում եք՝ նախկինում այս հարցում մենաշնորհը սփյուռքինն էր, ապա այժմ այս փաստաթղթով հարցը դրվում է պետական մակարդակով»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է փաստաթուղթը, մանավանդ ըստ նրա՝ այն չի կարող արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը, կամ գավառամտություն է շնորհակալություն հայտնել ցեղասպանությունը ճանաչած երկրներին, այն դեպքում, երբ նրանք դա պարտավոր են անել, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոճրագործություն է, որը դատապարտելի է միջազգային նորմերով: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը լավ քաղաքագետ է, խելացի, հարգում եմ նրան, բայց ամեն մարդ ունի իր մեկնաբանման տեսակետը: Նորից եմ կրկնում, որ մեծ բաներ պետք է չսպասել, բայց այս փաստաթուղթը, որ նետվել է միջազգային ասպարեզ՝ վատ չէ: Չեմ կարծում, որ վաղը պետք է լուծվի այս հարցը: Այնպես որ ասել գավառամտություն՝ համարձակ կլիներ, ասել, որ մեր ժողովրդի միասնականության կամքը չէ, սա այն հարցն է, այնքան էլ այդպես չէ, քանի որ սա այն հարցն է, որի շուրջ պտտվում է արտաքին ու ներքին գոյատևման հարցը»:
Պարոն Նավասարդյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն արդյունավե՞տ է աշխատում, նշեց, թե սխալ է միայն երեք վեկտորով աշխատելը՝ հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, Լեռնային Ղարաբաղ, և որպես ոչ բավարար արդյունք նշեց. «Հինգ տարվա մեջ մեկ պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ