Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՜նչ արած, մենք Աստված չենք… (Պատմվածք)

Փետրվար 11,2015 11:44

Գուրգեն Աշոտիչը գրեթե ողջ գիշեր չէր քնել, անհամբեր էր, սպասում էր,թե երբ է լույսը բացվելու, որ որդուն հանձնի քսանամյակի կապակցությամբ գնած նվերը:

Նա Երևանի լավագույն վիրաբույժներից էր: Երեսունութ տարվա աշխատանքային փորձ ուներ: Ինչեր ասես որ չէր տեսել այս տարիների ընթացքում: Քանի- քանի կյանքեր էր փրկել, երախտիքի խոսքեր լսել: Տեսել էր նաև մահեր: Նրա վրա ծանր հետք էր թողել հատկապես իր պրակտիկայի առաջին մահվան դեպքը:

Հետո, տարիների ընթացքում, վթարների ու պատահարների արդյունքում շատ այլանդակված մարդկային մարմիններ փորձեց վիրահատել, կարել, բուժել: Ժամանակի ընթացքում վիրաբույժը իր գործին սկսեց վերաբերվել առանց հուզականության, սառնասրտորեն: Նա հասկանում էր, որ եթե յուրաքանչյուրի վիշտը իրենը դարձնի, ապա չի դիմանա և չի կարողանա կատարել իր գործը: Այդ սառնասրտությունը, սակայն, ժամանակի հետ վերածվեց անտարբերության: Նա շարունակում էր անել իր աշխատանքը, բայց երբ հերթական հիվանդը անապահով խավից էր լինում, Գուրգեն Աշոտիչը իր գլուխը շատ չէր ցավեցնում: Հաճախ մոռանում էր Հիպոկրատի երդման մասին: Այլ կերպ ասած՝ խիղճը կորցրել էր:

Այդ օրը Գուրգեն Աշոտիչը ընդամենը մեկ թեթև վիրահատություն էր ունեցել:

Երեկոյան վեցի կողմերն էր: Նա միայնակ ընթրում էր հիվանդանոցի ճաշարանում և մտածում՝ փոքր- ինչ շուտ տուն գնալու և որդու տարեդարձը նշելու մասին: Հանկարծ, շնչակտուր ճաշարան ներխուժեց բժշկուհ Կարինե Սամվելովնան .

-Մենք էլ ձեզ ենք փնտրում բժի՛շկ: Ծանր վիրավոր են բերել, անհապաղ վիրահատություն է հարկավոր, արնաքամ է լինում:

-Հանգստացի՛ր: Տերերը այստե՞ղ են ,- աչքերը տապակած մսից կտրելով, տեղից անհավես վեր կենալով՝ հարցրեց Գուրգեն Աշոտիչը :

-Ո՛չ: Ավտովթար է, անցորդներն են շտապ օգնություն կանչել: Ինքնությունը դեռ չենք հասցրել պարզել:

-Փաստորեն մոտը անձը հաստատող փաստաթո՛ւղթ էլ չկա:

– Ոչ:

-Դե թող սպասի մինչև հացս կվերջացնեմ,- կրկին իր տեղը նստելով ավելացրեց վիրաբույժը:

-Բժիշկ, բայց… :

-Ասացի թող սպասի՛,-հրամայական ասաց Գուրգեն Աշոտիչը:

«Ամեն երկրորդ հիվանդս անտեր է »,- դժգոհությամբ մտածեց նա:

Տապակած միսը հաճույքով ուտելուց հետո, նա մեկ բաժակ էլ օղի խմեց՝ որդու երջանիկ ապագայի համար, ինչից հետո միայն վեր կացավ սեղանից, և գնաց դեպի վիրահատարան:

Վիրահատարանի մոտ նրան հանդիպեց բժշկուհին.

-Հիվանդը մահացավ,- հայտնեց նա՝ մեղադրական տոնով:

-Ի՜նչ արած, մենք Աստված չենք…,- պատասխանեց Գուրգեն Աշոտիչը մտնելով սենյակ:

Մահացածի դին արդեն ծածկել էին սպիտակ սավանով: Նա բաց արեց սավանը, և քարացավ: Նրա ետևից վիրահատարան մտած բժշկուհին իր առջև տեսավ միանգամայն ուրիշ մարդու: Գուրգեն Աշոտիչի մազերը մեկ րոպեում սպիտակել էին, դեմքը՝ անճանաչելի էր դարձել:

Վիրահատական սեղանին նա իր միակ զավակի՝ Հայկի արնաշաղախ մարմինն էր գտել:

Նրա աչքի առաջ եկավ առավոտվա պատկերը: Ինչ երջանիկ էր Հայկը, երբ հայրը քսանամյակի առթիվ նրան հանձնեց ՝ Մերսեդեսի բանալիները:

Ցավը խեղդում էր Գուրգեն Աշոտիչի կոկորդը, իսկ ատամների տակ դեռ նշմարվում էին տապակած մսի կտորները:

 

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728