Սաիթ Չեթինօղլուն առանց ժառգոնի եւ հազվադեպ անկեղծությամբ թվարկում է այն պատճառները, թե ինչու է վնասների փոխհատուցումը բարոյական անհրաժեշտություն եւ բացատրում թե ինչու է պահանջվում, որպեսզի վերադարձվի հայկական գույքը, որ պետության սեփականությունն է դարձել : Հիշեցնելով, որ « հասարակության բոլոր շերտերն ու պետությունն իր բոլոր կառույցներն այս կամ այն կերպ ներգրավված են եղել ցեղասպանական գործողություններում եւ շահ հետապնդել», Չեթինօղլուն նշում է, որ պետք է աջակցել հայերին ու ցեղասպանության զոհ դարձած մնացած ժողովուրդներին, որպեսզի կարողանան որոշել իրենց կրած վնասների ու մարդկային կորուստների չափն ու պարտավորեցնել դրանց « անվերապահ ու անարգել » փոխհատուցումը :
Վարչակարգն ու կրոնը քննադատելու պատճառով թիրախ դարձած հայ համայնքի ամենաբացախոս զավակը՝ Սեւան Նշանյանը, ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով գրեթե ցմահ ազատազրկման դատապարտվեց: Չորս տարբեր բանտեր տեղափոխվելուց հետո, նա արդեն մեկ տարի է բարձր անվտանգության համակարգ ունեցող մի բանտում է։ Լավ գիտակցելով, որ նման մթնոլորտում արդարությունից խոսելը միայն ծիծաղ կարող է առաջացնել, ուզում եմ հատկապես հայտնել, որ 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը, արդարության վերականգնումն ու փոխհատուցումը մշտապես իմ քննարկումների կենտրոնում են։
Միջազգային հեղինակություն ունեցող քրեական իրավունքի մասնագետ Վիլյամ Շաբասը մանրամասն քննարկելով ցեղասպանության ոճիրը, հայտնում է, որ թեեւ կարելի է մարդկության դեմ հանցագործություններ հասկացողության քանի հարյուր տարվա օրինակներ բերել անցյալից, բայց ժամանակակից առումով այդ եզրը առաջին անգամ օգտագործվել է Հայոց ցեղասպանության համատեքստում։ Շաբասը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության պահանջը առկախյալ վիճակում է։ «Թուրքիայում հայ բնակչության դեմ իրագործված ջարդերի վերաբերյալ դաշնակից երեք պետությունների կողմից արված հայտարարությունում, որտեղ նրանք հանձն էին առել անհատապես պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների պատասխանատուներին, դրանք որակվել էին որպես մարդկության դեմ հանցագործություն։ Սակայն, հետպատերազմյան խաղաղ բանակցությունների ընթացքում առարկություններ եղան, որ դա քրեական նորմի մի տեսակ հետադարձ կիրառություն է, և այդ իսկ պատճառով 1915-ի դեպքերի [բնագրում օգտագործված է ցեղասպանություն արտահայտությունը] շուրջ միջազգային մակարդակով որեւէ իրավական հետաքննություն երբեւէ չկատարվեց»1։ Շաբասի այս խոսքերը շարունակվող անարդարության մասին են վկայում։
Գոյություն ունեցող լռությունն ու ժխտումը ցեղասպանության շարունակությունն է առ այսօր։ 100 տարի շարունակ իրական քաղաքականության պատանդը դարձած արդարությունը կապանքներից ազատելու և արդարության վերականգնման ժամանակը եկել ու անցել է՝ թեկուզ մեկ դար անց։
Կարդացեք նաև
Հայտնի է, որ արդարության պահանջը բնական իրավունք է՝ համընդհանուր։ Հայ հասարակության արդարության պահանջին համաշխարհային պատուհանից նայելը և մարդկային ձեռքբերումները հաշվի առնելը հավասարազոր է արդար գործելուն։ Հարկավոր է նաեւ մարդկության դեմ գործված հանցագործությունների կատեգորիային մաս կազմող ցեղասպանության հանցագործությանն էլ մոտենալ մարդկային ձեռքբերումների՝ այսինքն համամարդկային արժեքների լույսի ներքո: Թեեւ 1915-ի ցեղասպանությունից մեկ դար է անցել, սակայն այդ մոտեցումը արդարության վերականգնման գրավականը կլինի․ դա նաեւ օգտակար կլինի ինչպես տուժող հասարակություններին, այնպես էլ հանցավոր հասարակությունների համար։ Ինքնահաշտեցման հետ, դա նաեւ առիթ կլինի այս տարածաշրջանում բացել համամարդկային արժեքների դուռը՝ դարձնելով այն տեւական։
Հայոց ցեղասպանությունը մի գործընթաց է։ Այն պետք է դիտարկել որպես տասնամյա մի գործընթաց, որը տեղի է ունեցել 1913-22թթ. ժամանակահատվածում։ Բոլոր ցնցումներն այդ ընթացքում են տեղի է ունեցել։ Դա 1913թ.-ին Էգեյան շրջանում մի փորձարկումով2 սկսված տասնամյա գործընթաց է։ Ավելի ուշ տեղի ունեցած քեմալիստական միջոցառումները կարելի է բնութագրել որպես մանր-մունր գործողություններ։ Սա նշանակում է նաեւ, որ հայ ժողովրդի մասին մեր ասածները նույնքան վավեր են 1915-ի ցեղասպանության գործընթացում իրենց պատմական տարածքներից քշված մյուս ժողովուրդների համար։
Հակառակ այն տարածված կարծիքին, ըստ որի Ցեղասպանության գործընթացում կիրառված գործողությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին բոլորը չգիտեին3, իրականում մեծամասնությունը տեղյակ էր այդ մասին, մեծ մասը մեղսակից էր դրան։ Ինչպե՞ս մարդ կարող է չգիտակցել, թե ինչ է անում։ Մի՞թե փոխակերպումն իրականացավ հասարակության բոլոր շերտերի ու կառավարական շրջանակների անգիտությամբ։ Հետեւաբար, պետք է ընդունել, որ այստեղ առկա է հավաքական հանցագործություն։
Նյութի մանրամասները կարդացեք repairfuture.net -ի կայքում