Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ. «Չորրորդ Իշխանություն»

Փետրվար 11,2015 10:27

Հատվածներ ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածից, որը հրապարակվել է  iLur.am կայքում եւ «Չորրորդ Իշխանություն» թերթում:  

1. Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ», արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը» (նույն միտքը կրկնվում է նաեւ հռչակագրի 6-րդ կետում): Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից: Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է: Հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, ուստի պետք է միանգամայն համարժեք լինի իր բնույթին:

Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որեւէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: «Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն: Հետեւաբար, հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր եւ լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաեւ` Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:

2. Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որեւէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար:

Մի այլ նկատառումով անհարկի պետք է համարել նաեւ հռչակագրում ընդգրկված այն դրույթը (8-րդ կետ), որով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից զորակցություն է արտահայտվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Թուրքիայի այդ քաղաքացիները, քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ, իրոք մեծ համարձակություն են դրսեւորում` Հայոց ցեղասպանության փաստն ընդունելով, բայց հայկական կողմի զորակցությունն, իմ կարծիքով, ոչ թե կօգնի, այլ հակառակը, կվնասի նրանց` երկրի իշխանություններին ու հետադիմական ուժերին պատրվակ տրամադրելով նրանց ներկայացնելու որպես օտար շահերի ծառայող տարրեր:

3. Իսկ արդեն բոլորովին արտառոց ու անլուրջ է հռչակագրի նույն կետի մյուս դրույթը, որը Թուրքիայի հանրապետությանը կոչ է անում «ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման եւ հարաբերականացման քաղաքականությունից»: Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Զարմանալ կարելի է, թե այս անհեթեթությունն ինչպես է տեղ գտել մի այնպիսի կարեւոր փաստաթղթում, որպիսին իրականում պետք է լիներ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»:

4. Իսկ այժմ հռչակագրի հարուցած ամենամտահոգիչ խնդրի մասին: Գնահատելի է, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են հայկական հրապարակախոսության մեջ չափազանց տարածված «պատմական իրավունք» եզրույթի գործածությունից, քանի որ նախ՝ դրանից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետեւ յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, եւ երկրորդ, որ ավելի կարեւոր է, այդպիսի հասկացություն գոյություն չունի նաեւ միջազգային իրավունքի մեջ: Դրա հետ մեկտեղ, սակայն, զարմանալիորեն «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն» նույնքան առաձգական եւ ավելի վերացական հասկացությամբ, որը վերջինիս բնագրում օգտագործված է երկու անգամ: Թե ինչ նկատի ունեն հեղինակները այդ հասկացության տակ, լիովին պարզվում է հռչակագրի հետեւյալ խտացված ձեւակերպումների միջոցով. «1920թ. օգոստոսի 10-ի` Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920թ. նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում» եւ «անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած, հռչակագրում ընդգրկված է Հայ Դատի ներկայիս հասկացողության ողջ ռեպերտուարը`Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 1915 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական եւ բարոյական վնասների հատուցում, անհատական եւ համայնքային (եկեղեցական) սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում եւ վերջապես` Հայաստանի տարածքի ընդարձակում Սեւրի դաշնագրի եւ ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով:

Մի կողմ դրած այն հարցը, թե անհատական եւ համայնքային իրավունքների վերականգնումից բացի, որքանով է իրականանալի այս «բաղձալի» ծրագիրը, ցանկանում եմ արձանագրել միայն հետեւյալը: Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը:

5. Մի խոսքով` հրապարակ է հանվել քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որն ամենեւին պատշաճ չէ 100-ամյակի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ըստ էության արծարծելու խիստ անհրաժեշտ նպատակադրությանը: Մինչդեռ եթե Ցեղասպանության խնդիրը դիտվեր բացառապես մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործության եւ հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության համատեքստում, ապա հռչակագիրը կարող էր ոչ միայն համաշխարհային լայն արձագանքի արժանանալ, այլեւ դրական քաղաքական հետեւանքներ ունենալ թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար:

100-ամյա տարելիցը հարմարագույն առիթն էր Ցեղասպանության խնդիրը զգացականության դաշտից վերջապես քաղաքական մտածողության դաշտ տեղափոխելու համար: Հետեւաբար բոլորովին չէր խանգարի, եթե խնդրո առարկա հռչակագիրը հիմնովին վերախմբագրվելով, համապատասխանեցվեր միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին: Որպես պետություն` մենք ուրիշ լեզվով աշխարհի հետ խոսելու իրավունք չունենք:

Եւ վերջապես, բացի այս ամենից, հարկ է արձանագրել, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը» ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները՝ կոպտորեն խախտելով «Հայաստանի անկախության մասին հռչակագիրն» ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որոնք, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու դրույթից, Հայ դատի կամ պահանջատիրության որեւէ այլ տարր չեն պարունակում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728