Ստի վրա հիմնված համակարգերը վաղ թե ուշ քանդվում են
«Ես ընդհանրապես չեմ կիսում այն տարածված տեսակետը, որ Խորհրդային Միությունը փլուզվել է նավթի գների անկման, դեֆիցիտի պատճառով կամ էլ այն պատճառով, որ մարդիկ ուտելու բան չունեին: Գորբաչովը թույլ է տվել մարդկանց ասել այն, ինչ իրենք մտածում էին: Դրա համար այլեւս մարդկանց չէին նստեցնում, չէին պատժում, նույնիսկ աշխատանքից չէին հեռացնում, դա կարելի էր տպագրել, ասել եւ ցույց տալ հեռուստատեսությամբ: Քանի որ ամբողջ համակարգը հիմնված էր ստի վրա, հենց որ սուտը դադարեց՝ խորհրդային համակարգը փլուզվեց… Սուտը պետք էր լեգիտիմության տեսք տալու համար, լեգիտիմությունը վերացավ, եւ համակարգը փլուզվեց»: Այդ միտքն է վերջերս արտահայտել ռուսաստանցի հայտնի տնտեսագետ եւ քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին: Անդրադառնալով իր երկրի ներկայիս վիճակին՝ նա նշել է. «Ազգային մասշտաբով ստախոսությունն ու հանցագործությունը կբացահայտվեն ավելի ուշ, եւ ներկայիս համակարգը նույնպես կփլուզվի»: Հետաքրքիր է. ե՞րբ՝ ուշ:
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է վարում, ռուս-ուկրաինական սահմանով անցնում են ծանր զրահատեխնիկա եւ ժամանակակից այլ սպառազինություն: Ուկրաինայում զոհվում են ռուսաստանցի զինծառայողներ: Սակայն Ռուսաստանի իշխանություններին հաջողվում է համոզել նախեւառաջ իր ժողովրդին, որ զոհվածները «կամավորներ» են, իսկ, օրինակ, Տ-72 տանկերը Դոնեցկի եւ Լուգանսկի զինյալները ձեռք են բերում այդ քաղաքների «վոենտորգերից»: 21-րդ դարում, երբ գրեթե ամեն երեխայի ձեռքին սմարթֆոն եւ պլանշետ կա, հաջողվում է «կերցնել» այդ սուտը:
Դեկտեմբերին Մինսկում ստորագրելով խաղաղության համաձայնագիրը՝ Ռուսաստանն այն դրժել է, հունվարին եւ փետրվարին հարձակման անցել, զգալիորեն բարելավել իր ռազմական դիրքերը ու, մասնավորապես, Դեբալցովո ավանի խոշոր ուկրաինական զորախումբը կարող է ընկնել շրջափակման մեջ եւ ոչնչացվել: Սակայն Օլանդն ու Մերկելը հավատում են (կամ ձեւ են անում, թե հավատում են), որ հնարավոր է կնքել զինադադարի նոր պայմանագիր, որի կետերը Ռուսաստանը հարգելու է: Չնայած տիկին Մերկելը, երեւի, կարդացել է իր հայտնի հայրենակցի միտքն այն մասին, որ Ռուսաստանի հետ համաձայնագրերը չարժեն այն թուղթը, որի վրա դրանք գրվել են:
Դուք 1980 թվականին հավատո՞ւմ էիք, որ «խորհրդային զորքերի սահմանափակ զորամիավորումն Աֆղանստանում կատարում է իր ինտերնացիոնալ պարտքը՝ այդ երկրի իշխանությունների խնդրանքով»: Չգիտեմ, իմ շրջապատում այդ բանաձեւին հավատացող մարդ չկար: Մենք գիտեինք, որ զառամյալ Պոլիտբյուրոյում որոշում է ընդունվել ուժի միջոցով այդ երկրում սեփական կարգերը հաստատելու մասին: Ես չեմ ճանաչում մի մարդու, որը նույն ժամանակաշրջանում հավատում էր, երբ «Վրեմյայով» ասում էին, թե «կուսակցությունն անողոք պայքար է մղում կաշառակերության, հովանավորչության եւ այլ բացասական երեւույթների դեմ»: Ընդհակառակը՝ բոլորը վստահ էին, ինչպես եւ հիմա, որ հենց իշխող կուսակցությունն է «կաշառակերության բունը»: Իսկ թե ինչու են մարդիկ հիմա որոշ հարցերում ավելի դյուրահավատ դարձել՝ դա ինձ համար գաղտնիք է:
Կարդացեք նաև
…Հետաքրքիր է, որ հայաստանցիները (թե՛ հայրենիքում եւ թե՛ Ռուսաստանում ապրող) չեն հավատում մեր երկրում պաշտոնապես տարածվող ստերին: Բայց նրանց 90 տոկոսը հավատում է այն ստերին, որոնք տարածում է ռուսաստանյան քարոզչական մեքենան: Այստեղից ես կարող եմ միայն մի հետեւություն անել՝ այդ մեքենան ավելի պրոֆեսիոնալ է աշխատում: Ավելի վարպետ ձեւով է մարդկանց ուղեղները լվանում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2015
Պարոն Աբրահամյան,ռուսաստանը դոնբասում անում է այն,ինչը անում էր Հայաստանը Ղարաբաղի համար:Հիմա ինձ բացատրեք ԱՄՆ -ն ինչ է? անում Ուկրաինաում՝Ռուսաստանի քթի տակ:Թե? ԱՄՆ-ն իրավունք ունի անել ամեն ինչ:Մյուս կողմից էլ,եթե Ձեր տրամաբանությամբ շարժվենք,իսլամական պետության կազմակերպիչները ֆրանսացիներն,բրիտանացիներն,գերմանացիներն,ամերիկացիներն են,որոհետև նրանց շարքերում կռվում են այդ երկրների հարյուրավոր քաղաքացիներ:
Եվ ամենակարևորը մի քանի տարի առաջ Եվրոմիության բարձրաստիճան գործիչներ անզգուշություն ունեցան հայտարարելու,որ հեռու չէ այն պահը,երբ Եվրոմիությունը տնտեսական հզորությամբ կհասնի և կանցնի ԱՄՆ-ից:Միաժամանակ քայլեր կատարեցին ԵՄ-ին մոտեցնելու միջերկրական ծովի հարավային ափի երկրներին՝վերականգնելու երբեմնի հզոր Հռոմի կայսուրությունը:Իհարկե,այս ամենը ԱՄՆ-ին դուր չեկավ և իրագործվեց արաբական ,,գարունը,, ԵՄ-ի շուրջը քաոս ստեղծվեց,որի ավարտը պետք է լիներ Ուկրաինական ճգնաժամը:Իսկ Ռուսաստանը իր ազգային շահերն է պաշտպանում:Թե? նա իրավունք չունի:
Սեյրան ջան Իսլամական պետության կազմակերպիչն իրոք ԱՄՆ- ն է, ինչպես նաև ՛՛Ալքայդա՛՛-ի և շատ այլ մարդկության պատուհասների…
Իրենց բոլորից խելոք կարծող ամերիկոսները պարբերաբար դոկտոր Ֆրանկենշտեյնի օրինակով հրեշներ են ստեղծում, որոնց ձեռքը հետո հենց իրենք էլ կրակն են ընկնում, և ի վերջո այդ հրեշներից մեկը Մերի Շելլիի հերոսի պես կործանելու է իր ստեղծողին…
«Սեյրան ջան Իսլամական պետության կազմակերպիչն իրոք ԱՄՆ- ն է, ինչպես նաև ՛՛Ալքայդա՛՛-ի և շատ այլ մարդկության պատուհասների…» Ես քո հետ մասամբ համաձայն եմ,սակայն կուզեի քեզ հարց տամ, արդյոք ինչու էն էդ Իսլամական պետության հրոսակները հարձակվում իրենց պես մուսուլմանների վրա, այլ ոչ թե , իրենցից ավելի մոտ քրիստոնեության ծննդավայրի…
Ինչ վերաբերում է Յավլինսկու ասածին, սուտը գալիս է դեռ Հոկտեմբերյան հեղափոխությունից…Պրոլետարական Դիկտատուրան էր այդ ստի հիմքը , որը այսօր որդեգրել են Աբրամովիչներին ներկայացնող պոէտինականները եվ Հայաստանի Հրանտները…
էդ Յավլինսկին մեր չափանիշներով մոտավորապես Պարույր Հայրիկյանն է)))))))))
Կներեք, իսկ սահմանը անցնող տանկերի մասին Դուք տեղեկացել եք Ջեն Փսակիի բրիֆինգից, թե Յացենյուկն է գրել իր բլոգում…???
Խիստ զավեշտալի է պնդել, որ ՛՛Ռուսաստանը պատերազմ է վարում..՛՛ և դա մի քանի շաբաթից ավել է արդեն դեռ չի ավարտվել Կիևում