«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ներիշխանական ճգնաժամ չի կարող լինել, քանզի որոշում կայացնողը միայն Սերժ Սարգսյանն է:
– Վերջին շրջանում ծեծը նորից դարձել է հայաստանյան քաղաքական մշակույթի տարրերից մեկը: Մի բան, որ լավ հայտնի էր Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին: Սա ձեզ որեւէ բան հուշո՞ւմ է:
– Իհարկե՝ հուշում է այն, որ իշխանությունն այս պահին չունի կառավարման այլ գործիքակազմ, քան բռնությունն է, չունի այլ փաստարկ, քան ուժի դիրքից հանդես գալը: Իհարկե, այդ ուժը խիստ հարաբերական է, որովհետեւ դա հասարակության կողմից իրեն տրված՝ ուժ կիրառելու հանձնարարական չէ: Իրենք չունենալով իշխանությունը պահելու այլ հնարավորություն, չունենալով հասարակության գոնե նվազագույն աջակցություն, արտաքին աջակցություն՝ եւ եվրոպական գործընկերների կողմից են մերժված, եւ ռուս գործընկերների, այլ բան չի մնում, քան ուժով իշխանություն պահել: Դա միանշանակ անընդունելի եւ դատապարտելի է: Ընդհանուր առմամբ, խաղաղ ձեւով իշխանափոխությունը միանշանակ ընդունելի ու շահեկան տարբերակ է հասարակության բոլոր շերտերի, պետության համար: Բայց իշխանությունը, կարծես, գնում է հասարակության մոտ առավել արմատական տրամադրությունների ստեղծմանը:
Մի բան ակնհայտ է. հնարավոր չէր տեխնիկական այս հագեցվածության ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր մեկ մետրը տեսանկարահանվում է, չկարողանային բացահայտել այդքան բռնություններ իրականացրած գեթ մեկ անձի:
Կարդացեք նաև
– Ձեր նշած արտաքին եւ ներքին լարվածությունների ֆոնին կարծում եք՝ իշխանություններին պե՞տք էր գնալ բռնությունների, որոնք ենթադրաբար բերելու էին իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքի ավելացմանը եւ բողոքի ակցիաների: Առավել դյուրին չէ՞ր կառավարել առանց բռնությունների, ինչն, ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանն անում էր բավական բարեհաջող, իր պաշտոնավարման սկզբում:
– Անում էր սկզբնական շրջանում: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում մի քաղաքականություն էր իրականացնում, որը կարելի է կոչել՝ սպասումների քաղաքականություն: Ինքը սպասումներ էր առաջացրել հասարակության, արտաքին ուժերի մոտ: Բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ ինքը որեւէ ձեւով չի պատրաստվում բարեփոխումներ իրականացնել: 2013 թվականի ընտրություններից հետո իշխանությունն իրեն, այսպես ասած, վերագտավ, եւ բոլոր գործընթացները վերադարձան ի շրջանս յուր: Դրա լավագույն ապացույցն ազատամարտիկների նկատմամբ բռնություններն էին եւ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելը: Ամեն ինչ եկավ իր տրամաբանական շրջանին, ու իշխանություններն իրենց անկուշտ քաղաքականության արդյունքում շարունակում են հասարակությանն ունեզրկել՝ մինչեւ վերջ:
Դա չի կարող անհետեւանք մնալ: Կա հասարակական տրամադրությունների բեւեռացում, ինչը իշխանությունը փորձում է ուժի կիրառման ու վախի մթնոլորտ սերմանելու միջոցով ցրել: Բայց դա այլեւս իրենց չի կարող օգնել:
– Կարծում եք՝ իշխանական շրջանակներում չե՞ն հասկանում, որ բռնություններն իրենց օգտին չեն աշխատում:
– Դուք սառը տրամաբանության շրջանակում եք մտածում, դրա համար այդպիսի հարց եք տալիս: Բայց պատկերացրեք մեկին, որն այլասերված է բացարձակ իշխանությամբ, անպատժելիության մթնոլորտով… իշխանությունն այլասերման մեջ է գտնվում, եւ փաստարկումների կապն իրենց մոտ բոլորովին այլ տրամաբանությամբ է աշխատում: Ուստի այն, ինչը որ մեզ համար կարող է սխալ լինել, իրենց համար ճիշտ է:
– Գուցե այն ամենը, ինչի ականատեսն ենք, ներիշխանական ճգնաժամի՞ արդյունք է:
– Ոչ: Հայաստանում ներիշխանական ճգնաժամ չի կարող լինել:
– Ինչո՞ւ: Մանավանդ, հաճախ է խոսվում իշխանական տարբեր թեւերի ոչ հաշտ ու համերաշխ կյանքի մասին:
– Որովհետեւ իշխանությունն ունի ընդամենը մեկ թեւ՝ Սերժ Սարգսյան: Հայաստանում իշխանության տարբեր թեւեր գոյություն չունեն, իրենք իրար դեմ պայքարում են, փորձում են ռեսուրսին ավելի մոտ լինել եւ այլն, բայց խոշոր հաշվով վերցրած՝ իրենք որոշում կայացնողներ չեն: Որոշումները կայացնում է մեկ անձ՝ Սերժ Սարգսյանը:
Ներիշխանական ճգնաժամը որոշակիորեն կարող է վերաբերել միայն այն անձանց, որոնք քաղաքական մտածողություն ունեն: Նրանք հասկանում են, որ սա մի պահ կպայթի, եւ փորձում են այնպիսի դիրք գրավել, որ նախ պայթյուն թույլ չտան, ապա՝ հնարավոր պայթյունից հետո իրենք որոշակիորեն ապահովված լինեն:
Ես առավել հակված եմ այն կարծիքին, որ Հայաստանում ոչ թե ներիշխանական, այլ ներպետական ճգնաժամ է:
– Իր հրավիրած համաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց իշխանափոխությունից, բայց կարծես անուղղակի: Նա ասաց՝ եթե ժողովուրդը պահանջի իշխանափոխություն, այն կլինի:
– Այո, ճիշտ էր, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ պետք է լինեն: Այսինքն՝ ժողովրդի պահանջով պետք է ամեն ինչ լինի: Ընդդիմությունը չունի այլ հզորության միջոց, քան ժողովուրդն ու հասարակական պահանջն են:
– Չի՞ ստացվում, որ քաղաքական ուժերն այդպիսով հիմնական, նաեւ պատասխանատվության բեռը դնում են հասարակության ուսերին՝ չառաջնորդելով նրան:
– Չէ: Խոսքը դրա մասին չէ: Հասարակության մոտ տրամադրություններն իսկապես ծայրահեղ լարված են: Իսկ դա նշանակում է, որ այն ուժերը, որոնք այդ պահանջի ուղղությամբ քայլեր կիրականացնեն, միանշանակ աջակցություն կստանան, իսկ այն ուժերը, որոնք այդ պահանջը կարճ ժամանակահատվածում չեն փորձի ի կատար ածել, այլեւս կկորցնեն վստահությունը: Հետեւաբար սա ոչ թե ժողովրդի թիկունքում թաքնվելու քաղաքականություն է, այլ զուտ ժողովրդավարական սկզբունք:
– Իսկ Ձեր գնահատականներով՝ մո՞տ ենք արտահերթ ընտրություններին:
– Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ մի քանի արտահերթ գործընթաց կարելի է իրականացնել: Մենք այնքան չլուծված խնդիրներ ունենք, իշխանությունների՝ վերջին շրջանի յուրաքանչյուր քայլը մեկ իշխանափոխության հիմք է:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2015